«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանի գնահատմամբ, ԱԺ ՀԱԿ խմբակցությունն իրեն այսօր շատ ճիշտ է պահել` նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի ներկայացրած միջնորդության քվեարկությունը բոյկոտելով:
«Վարդան Օսկանյանը բարի պտուղ չէ, մարտի 1-ի ամենամեծ դերակատարումն է ունեցել: Եթե նույնիսկ այն, ինչ հրապարակվեց, իրականություն է, Օսկանյանն արժանի է ավելի մեծ պատժի: Բայց այն թատերական խաղը, որ տանում է վարչախումբը, եթե ՀԱԿ-ն ու մնացած ուժերը մասնակցեին այդ գործընթացին, կդառնային նրանց ջրաղացին ջուր լցնող: Վարդան Օսկանյանին պետք է պատժել մարտի 1-ի պահվածքի համար՝ առավել եւս, եթե գումարների յուրացում է եղել, բայց այս պահին, երբ իրավիճակից կախված, վարչախմբի կլանային ռազբորկաներ են գնում, ՀԱԿ-ը ճիշտ որոշում կայացրեց», -Aravot.am-ին ասաց պարոն Մակեյանը:
Ըստ նրա, առաջին հայացքից կարելի է եզրահանգել, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցեց այս հարցում, բայց. «Ես որպես ՀԱԿ անդամ, որ ընդհանրապես ԲՀԿ-ին չեմ ընդունում, որովհետեւ մայիսի 6-ին նրանք արել են այն, ինչ հանրապետականներն են արել, այս պահին կարծում եմ` այդ մոտեցումը ճիշտ էր»: Մեր հարցին, թե ինչո՞ւ էր նախապես ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել, որ միջնորդությանը կողմ է քվեարկելու, բայց բոյկոտեց, պարոն Մակեյանն ասաց.«Տեղյակ եմ Փաշինյանի կարծիքին, ինչ-որ պահի իրար հետ կիսվել ենք, որ Վարդան Օսկանյանին հասնում է ամեն ինչ, բայց այս պահին, երբ խաղի կանոնները փոխվում են ու ստացվում է` եթե քվեարկեն, վարչախմբի ջրաղացին ջուր են լցնելու, ճիշտ որոշում էր բոյկոտելը: ԲՀԿ-ի հետ բանակցությունների գնալ-չգնալու հարց չկա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ