Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունը բեռնաթափում է, մանկատան տնօրենները` «լցնում»

Հոկտեմբեր 02,2012 18:11

Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իր պաշտոնավարման 100 օրը լրանալու առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախարարության 3գերակա ճյուղերը` կենսաթոշակային բարեփոխումները, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը եւ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների կանոնակարգումը:

Պարոն Ասատրյանի խոսքերով` մանկական խնամակալական հաստատությունների բեռնաթափումը նախարարության գերակա խնդիրներից է եւ կատարված աշխատանքների արդյունքում 2013 թվականին «Զատիկ» մանկատունը կդադարի որպես մանկատուն գործել, այն ամբողջությամբ կդառնա ցերեկային խնամքի եւ ժամանակավոր խնամքի կենտրոն. «2013-ին կունենանք 6 մանկատուն, որից 3-ը կլինեն հատուկ կարիքներով երեխաների համար, եւ ընդհանուր տիպի մանկատուն»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ պետությունը հսկայական գումարներ է ծախսում մանկատների բեռնաթափման համար, իսկ մանկատան տնօրեններն էլ ջանք չեն խնայում, որպեսզի նորանոր երեխաներ ներգրավեն իրենց մանկատներում, Արտեմ Ասատրյանն ասաց. «Ճիշտ եք ասում, եթե տվյալները փոխանցեք, մենք համապատասխան գործողություններ կանենք: Բոլոր խնդիրները պետք է ունենան համակարգային լուծում: Այսինքն` այդ երեւույթը, որ դուք նշում եք, նշանակում է, որ մենք առաջին հերթին պիտի հասկանանք այն գործընթացները, որոնք այսօր սահմանված են, ընթացակարգերը, չափորոշիչները  որքանով են հստակ, որ որեւէ մեկը ուղղակի կարող է որեւէ երեխայի ընդունել մանկատուն: Ես ուզում եմ դա բացառել, բայց օրինակը, երբ տրամադրեք` կհասկանանք նման բան ինչպե՞ս է հնարավոր: Միգուցե չափորոշիչների մեջ խնդիր ունենք, բայց այս ընթացքում այդ չափորոշիչները խստացվել են»:

Մենք պարոն Ասատրյանին խոստացանք տրամադրել «Առավոտ» օրաթերթի 23.11.2011-ի «Սփյուռքահայերին կոչ են անում մանկատներին չօգնել» հրապարակումը: Չնայած, հրապարակման մեջ մանկատան անուններ կոնկրետ չենք նշել, որպեսզի չնպաստենք այն ծնողների որոշումներին, որոնք ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ մտադիր են իրենց երեխաներին հանձնել մանկատան խնամքին: Իսկ մանկատան տնօրենների հետ հեռախոսազրույցի ձայնագրությունն ու անուններն առանձին կտրամադրենք նախարարությանը:

Մեզ հետ զրույցում Արտեմ Ասատրյանն ասաց, որ քաղաքացին չի կարող երեխային միանգամից հանձնել մանկատուն, դա երկար գործընթաց է, նախ` դիմում են տարածքային հանձնաժողովին, համապատասխան գերատեսչություներին, հետո պետք է ուսումնասիրվի տվյալ ընտանիքի սոցիալական վիճակն ու գնահատվի: Այդ ամենից հետո հանձնաժողովը որոշում է կայացնում` ուղարկում նախարարություն, որից հետո այդ երեխաներին, ելնելով չափորոշիչներից, նախարարությունն առաջարկում է ուղեգրել գիշերօթիկ կենտրոն կամ մանկատուն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031