Նախագահ Սահակաշվիլին խոստացել է օժանդակել ընդդիմությանը՝ նոր կառավարություն կազմելու գործում
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընդունել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած իշխող կուսակցության պարտությունը:
Հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ նախագահ Սահակաշվիլին խոստացել է օժանդակել ընդդիմությանը՝ նոր կառավարություն կազմելու գործում:
Վրաստանի ընտրական հանձնաժողովի պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտնել են, որ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի առավելությունը նախագահ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» նկատմամբ կազմել է 13 տոկոս: «Վրացական երազանքը» հավաքել է ընտրողների ձայների 54, «Միացյալ ազգային շարժումը»՝ 41 տոկոսը:
Կարդացեք նաև
Երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ավելի վաղ ասել էր, թե «Վրացական երազանք»-ի հաղթանակը և Իվանիշվիլիի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելը կհեռացնի Վրաստանն Արևմուտքից՝ վերադարձնելով Վրաստանը Մոսկվայի ազդեցության տակ: Իվանիշվիլին կտրականապես հերքում է նման կարծիքները:
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցներն իրենց հերթին մեղադրում են նախագահ Սահակաշվիլիին բռնապետի վերածվելու, ինչպես նաև Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողություն վերահաստատելու նպատակով 2008 թվականի կարճատև պատերազմ հրահրելու մեջ:
Նախագահ Սահակաշվիլիի նախընտրական արշավին, բացի այդ, մեծ վնաս է հասցրել անցյալ շաբաթ բանտի պահակների կողմից բանտարկյալների նկատմամբ կիրառվող ծեծի և բռնաբարությունների իրականացման մասին հրապարակված տեսանյութերը:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»