Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում քննարկում են ավելի ժողովրդավար ընտրություններ անցկացնելու մասին բանաձև

Հոկտեմբեր 02,2012 17:17

Այսօր՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ օրը, հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է Քաղաքական հարաբերությունների և ժողովրդավարության հանձնաժողովի ներկայացուցիչ Ջին Չարլզ Գարդետոյի պատրաստած զեկույցի վերաբերյալ Մշակույթի, գիտության, կրթության և մեդիայի հանձնաժողովի կարծիքը: Ըստ այդմ՝ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում արաբական երկրներում և աշխարհի այլ կետերում հանուն մարդու իրավունքների և ազատությունների, ցույց են տալիս, որ ընտրության իրավունքը համընդհանուր իրավունք է, որն ուղղված է ավելի լավ կառավարման համակարգ ունենալուն: Ժողովրդավարական ընտրություններն ապահովում են կառավարության լիգիտիմությունը: Իսկ լրատվամիջոցները կարևոր դերակատարություն ունեն տարածելու տեղեկատվություն, կարծիքներ և ապահովելու քաղաքական բանավեճ: Քաղաքական գործիչների ազատ բանավեճի ապահովումն ընկած է ազատ ընտրությունների հիմքում:
Հանձնաժողովը շեշտում է, որ ազատ և ժողովրդավարական ընտրությունների ապահովումն անհնար է առանց խստորեն կանոնակարգված ինստիտուտների գործունեության: Այս համատեքստում հանձնաժողովը շեշտում է կրթության, բարձրագույն կրթության դերը քաղաքացիական հասարակության ձևավորման հարցում: Ժողովրդավարական մասնակցությունը, ըստ հանձնաժողովի, նաև կախված է հասարակության՝ ժողովրդավարական գործընթացներում ներգրավվելու կամքից, ինչպես նաև ընտրությունների կազմակերպումից:
Հանձնաժողովն իր համաձայնությունն է հայտնում քաղաքական հարաբերությունների և ժողովրդավարության հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևի հետ: Սակայն ներկայացնում է մի շարք լրացումներ:
Զ. Փոստանջյանը գրավոր ներկայացնելով այդ լրացումները՝ նշում է. «Շուրջ 50 տարիների ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Լրացուցիչ արձանագրության 3-րդ կետով հաստատել է ազատ ընտրության իրավունքը: Ուստի կարծում ենք, որ բանաձևում կարևոր է վկայակոչել այս կետը, որն ուղղված է Եվրոպայում ավելի ժողովրդավար ընտրությունների կազմակերպմանը»:
Զ. Փոստանջյանը նաև նշում է, որ վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքական ազատ բանավեճի կազմակերպման հարցում կան լուրջ խնդիրներ: Եվ ավելի լավ կլիներ բանաձևում ընդգծվեր, որ լրատվամիջոցներում բոլոր թեկնածուների և բոլոր քաղաքական ուժերի հավասար ներկայացվածությունը բոլորի իրավունքն է:
Եզրափակելով հանձնաժողովի կողմից ներկայացված լրամշակումների մեկնաբանությունը՝ տիկին Փոստանջյանը նշում է, որ ընտրությունների ուսումնասիրությունը մեծապես կախված է ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031