«Ես, ճիշտն ասած, որեւէ վատ բան չեմ կարող ասել Խաչիկյան մարդու մասին»,- նման կարծիք հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի մի քանի տարի միասին աշխատած սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մասին, որն այսօր ձերբակալված է:
Նշենք, որ Արտեմ Ասատրյանը 2007-2011 թվականին եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար:
Նախարարի պաշտոնավարման 100 օրը լրանալու առիթով այսօր նախարարությունում մամուլի ասուլիս էր հրավիրվել, որի ժամանակ պարոն Ասատրյանը վստահեցրեց, որ նախարարությունում նոր տեղեկատվական կենտրոնացված շտեմարան է ներդրվել, որի շնորհիվ, եթե որեւէ սխալ որոշում կայացվի, պատասխանատուն հստակ կլինի: Այսինքն, սոցապահովության պետական ծառայությունում, նոր մեխանիզմի շնորհիվ, գրեթե անհնար կլինի գումարների յուրացումը, իսկ եթե լինի էլ` հստակ կերեւա ով, ինչ է արել: Հարցին էլ` դուք բացառո՞ւմ եք, որ գումարների յուրացում կլինի եւ դուք չեք իմանա, նախարարն այսպես պատասխանեց. «Ես, երբ նշում էի, որ այսօր, եթե որեւէ բան տեղի ունենա հստակ կլինի պատասխանատուն, նկատի ունեմ, որ իհարկե, նաեւ նախարարի գիտությունն այստեղ չի կարող երկրորդական լինել»:
Արտեմ Ասատրյանի մեկնաբանմամբ` «Նախկինում հետադարձ կապի մեխանիզմը` քաղաքականություն մշակող եւ քաղաքականություն իրականացնող, ժամանակին շատ ավելի թույլ է եղել, որովհետեւ, երբ հետադարձ կապի մեխանիզմը հանգում է ուղղակի դիմումնների քննարկումներին կամ որոշակի հաշվետվողականությանը, հաշվետվությունների ձեւերին, դրանք չեն կարող լիարժեք այն տեղեկատվությունը ապահովել, մանավանդ, երբ որ տեղեկատվական բազաներն էլ շատ հին տեխնոլոգիաներով էին, որոնք կարող էին խնդիրներ առաջացնել»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ