Ասօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում մի ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց. «Նախագահը շատ հստակ ասել է՝ մեղավորները պատժվելու են: Եթե Վարդան Օսկանյանը մեղավոր չլինի, պատասխան են տալու այն մարմինները, ովքեր այս գործընթացը սկսել են»: Հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական լինեն՝ նա պատասխանեց. «Անպայման հետեւանքներ կլինեն»:
Aravot.am-ի հարցին՝ կարո՞ղ է ամեն դեպքում այս ամբողջ պատմությունից հետո պարզվի, որ Աղվան Հովսեփյանը սխալ Վարդան էր ընտրել, պետք է ընտրեր Վարդան Այվազյանին՝ Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ դա ուրիշ պատմություն է եւ մեկը մյուսի հետ կապ չունի:
Լրագրողները ճշտեցին՝ խոսակցություններ կան, որ ձեր գործընկերները դժվարությամբ են եկել քվեարկության: Նա ճշտեց՝ ո՞ր գործընկերները: Լրագրողները անուններ չտվեցին՝ ասելով, որ գործ տվող չենք, աղբյուրները չենք բացահայտում: Հովիկ Աբրահամյանն էլ հակադարձեց. «Բա ես գործ տվո՞ղ եմ»:
Կարդացեք նաև
Հարցին, հնարավո՞ր է քաղաքական իրավիճակներն այնպես զարգանան, որ Դուք ԲՀԿ շարքերը համալրեք՝ Հովիկ Աբրահամյանը վստահ պատասխանեց. «Ոչ»:
Հարցին՝ ՀՀԿ- ԲՀԿ բանակցությունների միջնորդի դերը դուք հաճելիորե՞ն եք ստանձնել, թե՞ ստիպված՝ նա պատասխանեց. «Բայց ի՞նչ գիտեք, որ ես միջնորդի դեր եմ ստանձնել: Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել էր, որ եթե այսօր դա իմ դեմ անեք, վաղը ձեր դեմ կլինի: Լրագրողների հարցին՝ Ձեզ սպառնո՞ւմ է նման հեռանկար՝ Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ պարոն Օսկանյանն իրեն նկատի չուներ:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ հարցին՝ այսքանից հետո ԲՀԿ-ն կսատարի՞ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում՝ նա պատասխանեց. «Իմ ցանկությունն է, որ սատարի»:
Վարդան Այվազյանի հետ կապված նա ասաց. «Պարոն Այվազյանը շատ հստակ իր դիրքորոշումը, իր մոտեցումը բացատրել է»:
Հարցին՝ Վարդան Ղուկասյանի համար իշխանական ճամբարում ի՞նչ տեղ եք նախատեսել՝ նա ասաց, որ այդպիսի հարց չեն քննարկել: Իսկ կքննարկե՞ք՝ նա պատասխանեց. «Ինչ իմանամ, կյանքը ցույց կտա»: Ազգային համաձայնությունը թե որ ուժերի մեջ կձեւավորվի՝ պարոն Աբրահամյանը ասաց՝ «Դա պիտի կյանքը ցույց տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ