Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը չի կարծում, որ նախագահի ասած «խոշոր ձուկը» Օսկանյանն է (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2012 16:31

Այսօր քվեարկելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին մեկնաբանություններ տվեց: Aravot.am-ի հարցին՝ Վարդան Օսկանյանն այն խոշոր ձո՞ւկն էր, որի մասին խոսում էր նախագահը՝ նա պատասխանեց. «Ոչ»: Հարցին՝ այսինքն՝ էլի՞ կան խոշոր ձկներ՝ նա պատասխանեց. «Ի՞նչ իմանամ»: Նրա խոսքերով՝ «Ինչի՞ եք դուք մտածում, որ անպայման ավարտը շատ վատ է լինելու եւ պետք է Օսկանյանը կալանավորվի կամ ձերբակալվի»: Լրագրողները փորձեցին ճշտել՝ ինչպե՞ս եք կանխատեսում՝ հնարավո՞ր է Վարդան Այվազյանը ձերբակալվի՝ նա պատասխանեց, որ կանխատեսումներով չի զբաղվում: Այսինքն չեք բացառում, որ հնարավոր է ապագայում լինեն միջնորդություններ՝ այլ պատգամավորների գործունեության հետ կապված հարցին էլ՝ նա պատասխանեց. «Ես ոչ մի բան չեմ բացառում»:

Վարդան Օսկանյանն ասաց, որ խաբված է ինքն իրեն զգում: Այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես չգիտեմ Վարդան Օսկանյանն ինչ ի նկատի ունի, ես ընդհանրապես մարդ չեմ խաբել: Եվ իմ կենսագրությունը, դա իմ ձեռագիրը չի, ես չգիտեմ ինքը ինչ նկատի ունի: Երբ ասում էր՝ կզանգեք, նկատի ունի կանոնակարգ օրենքով, երբ որ ես ստանում եմ միջնորդագիրը, ինքը մտածում էր կարող էի զանգել պատգամավորին տեղյակ պահել»:

Ճի՞շտ է, որ դատախազը ներկա չէր լինելու այդ հանդիպմանը, ինքը անակնկալի է եկել՝ Հովիկ Աբրահամյանը հերքեց. «Ոչ, ո՞վ է ասում: Օսկանյանը նման բան չի կարող ասել, որովհետեւ ինքը գիտեր, որ մենք հանդիպելու ենք երեքով: Դուք ստում եք: Այսօր էլ ենք հանդիպել: Պատգամավորների հետ հանդիպումը ինչի՞ է ձեզ զարմացնում»:

Թե ինչու Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց այս կարեւոր քննարկմանը՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իր որոշելիքն է, իր կուսակցության որոշելիքն է:

Դիտարկմանը՝ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի տարբերությունն այն է, որ նրանք ասում են՝ սա քաղաքական հետապնդում է մեր նկատմամբ, իսկ դուք ասում եք՝ սա իրավական հարց է, ո՞նց կբացատրեք այս երկու տեսակետների տարբերությունը: Նա պատասխանեց. «Ո՞նց բացատրեմ: Իրենք իրենց տեսակետն ունեն, մենք՝ մեր: Մենք հենվում ենք իրականության վրա, գլխավոր դատախազը ներկայացրել է խախտումներ, հիմա գործը կավարտվի՝ կտեսնենք: Եթե մեղավոր կլինի՝ կասենք մեղավոր է»:

Հարցին՝ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի շրջանակներո՞ւմ է այս ամենը տեղի ունենում, որի մասին նաեւ նախագահն է ասել՝ պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ այս գործընթացը 6-7 ամսվա գործընթաց է, որ սկսվել է:

Հարցին՝ քանի՞ դեմ կլինի եւ դա Ձեր աշխատանքի գնահատակա՞նը կլինի՝ նա պատասխանեց. «Դուք սխալվում եք, որ իմ աշխատանքը դեմ-ով կամ կողմ-ով է: Մեր կուսակցությունը որոշում չի կայացրել դեմ քվեարկել կամ կողմ: Պատգամավորներն ազատ են»:

Եթե գործի շրջանակներում հնարավոր եղավ ապացուցել, որ պարոն Օսկանյանն անմեղ է, ՀՀԿ-ն պատրա՞ստ է ներողություն խնդրել՝ նրա բարի համբավը ոտնահարելու համար՝ նա պատասխանեց, որ ինքն անձամբ կխնդրի:

Նա ասաց, որ հանրապետության նախագահը ճշմարտությունն է ուզում իմանալ:

Հարցին՝ իսկ ըստ ձեզ, պարոն Օսկանյանն անմե՞ղ է՝ նա պատասխանեց. «Ես ո՞նց որոշեմ: Ես տպավորություններով չեմ ուղղորդվում, ոչ էլ զգացմունքներով: Փաստերը պիտի ստուգվի՞, թե՞ չէ: Կստուգվի՝ այն ժամանակ կորոշենք»:

Aravot.am-ի հարցին՝ պարոն Օսկանյանի բացատրությունները այդքան մանրակրկիտ ձեզ չհամոզեցի՞ն՝ նա պատասխանեց. «Դատախազի բացատրություններն էլ էին մանրակրկիտ»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց դատախազի մեքենայի հետ կապված՝ Ձեզ դա համոզիչ չթվա՞ց՝ նա պատասխանեց. «Դատախազը հիմնավոր պատասխանեց, որ դիմեն պատկան մարմիններին, այդ գործով կզբաղվեն»: Լրագրողների դիտարկմանը՝ պատկան մարմինը ինքն է՝ Հովիկ Աբրահամյանը ծիծաղեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031