Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Մարգարյանի գործով հրավիրվեց խուզարկություն անցկացրած ոստիկանը

Հոկտեմբեր 02,2012 16:29

 

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացել  Վահրամ Մարգարյանի (Գուրգեն Մարգարյանի եղբոր) եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով   ընթերակա, ձգաբան եւ  դատաբժիշկ: Շավարշ Գեւորգյանը մասնակցել էր անցյալ տարվա օգոստոսի 2-ին Երեւանի Զաքյան փողոցում սպանված, տուժող Խաչիկ Գալոյանի դիակի դատաբժշկական  փորձաքննությանը: Նրա տված թիվ 725 եզրակացության համաձայն, եղել էր 7 հրազենային վնասվածք, մինչդեռ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Բորիս Հակոբյանը պնդեց, որ ինքն է սպանել Խաչիկ Գալոյանին՝ 5 անգամ կրակելով նրա վրա:

Փորձագետը այս  հակասությունը փորձեց բացատրել նրանով, որ չունի տեղեկություններ, թե ինչ դիրքում է գտնվել հանգուցյալը եւ դիրքը հայտնի լինելու դեպքում կարող էր դատողություններ անել:

Հաջորդ փորձագետը դատաձգաբան Վարդան Ռոստոմյանն էր՝ իրեղեն ապացույց ճանաչված F-1 նռնակի եւ G-1 պայթուցիչի հետ կապված: Հարցն այսպիսին էր՝ կարո՞ղ էին դրանք համատեղ օգտագործվել: Փորձագետը հաստատեց, որ դրանք ինքնաշեն են, եւ կարող են համատեղ օգտագործվել, թեեւ երկու տարբեր  միավորներ են: Այսօր փորձագետը հրավիրվել էր դատարան, որպեսզի մասնակցեր պայթուցիչի եւ նռնակի՝ իրեղեն ապացույցի զննությանը: Սակայն զննելու խնդիր այլեւս չառաջացավ, փորձագետը հեռացավ՝ պայթուցիչն ու նռնակն իր հետ տանելով:

Դատարանում բավական հակասական ցուցմունք տվեց ընթերական՝ Նելլի Մուրադյանը: Նա «մասնակցել» էր խուզարկությանը եւ ստորագրել օգոստոսի 17-ի արձանագրության տակ: Չնայած Բորիս Հակոբյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը ցույց տվեց խուզարկության իր ձեռքի տակ եղած արձանագրությունը, որը թվագրված էր անցյալ տարվա օգոստոսի 19-ին: Այս վկան հայտնեց դատարանում, որ ծնողների տանն էր՝ Լենինգրադյան փողոցում գտնվող, եղել է վատառողջ եւ ոստիկաններ են ներկայացել իրենց, հրավիրելով խուզարկության: Երբ ընթերական գնացել է նույն շենքում գտնվող Լիա Մարգարյանի (վերջինի եղբոր տղան է Վահրամը) բնակարան, այդ ընթացքում եղել է «զալում» նստած, քանի որ վատառողջ էր, «սիստեմայի տակ», եւ միայն խուզարկությունն ավարտվելուց հետո ստորագրել է թղթի տակ:

Դատախազ Արմեն Աֆանդյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը եւ խուզարկության արձանագրությունը: Պարզվեց՝ այս վկան «տեսել էր» խոհանոցում Վահրամի բջջային հեռախոսը, պայթուցիչ, անգամ գտնվել էր «Վահեի սենյակում»: Վկան, Կրոմվել Գրիգորյանի հարցաքննությանը չդիմանալով, խոստովանեց, որ իրեն ոստիկանության քննիչն է թելադրել եւ որ հարցաքննությանն էլ մասնակցել է մի երկու շաբաթ հետո: Այս վկան խուզարկության արձանագրության տակ գրել էր. «խուզարկությունն անցավ օրենքի սահմաններում»:

Կրոմվել Գրիգորյանին հետաքրքրեց, թե ի՞նչ մասնագիտություն ունի վկան, պարզվեց՝ մանկաբարձ է, իսկ «իրավաբանական» ձեւակերպումն էլ պատկանում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի օպեր-լիազոր, խուզարկությունն իրականացրած կապիտան Մեսրոպյանին: Վկան նաեւ նկարագրեց իր վիճակի ծանրությունը, ասելով, որ այնքան վատ էր, որ անընդհատ ջուր է խմել:

Այսօր դատարանում վկան վատ էր զգում, սակայն բարձրաձայնել չուզեց հիվանդության պատճառը: Միջնորդությամբ հանդես եկավ պաշտպանական կողմը՝ պաշտպան Վահագն Բաբայանը, որը միջնորդեց, որպեսզի անթույլատրելի ճանաչվի խուզարկության հետ կապված արձանագրությունը:

Դատախազը միջնորդեց, որպեսզի դատարան հրավիրվի օպեր-լիազոր Մեսրոպյանը: Պաշտպանական կողմը դեմ էր , անգամ հղում արեց հետագայում ապացույցը «լրացնելուն»: Սակայն դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը:

Վկա Աշոտ Ֆրանգուլյանին բնակարանում չէին հայտնաբերել, հետեւաբար՝ նա նորից կծանուցվի: Դատախազը հայտնեց, թե իր տեղեկություններով՝ այս վկան ստացիոնար բուժման մեջ է գտնվում:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 9-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031