Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արժեքային համակարգի վերանայու՞մ, թե քաղաքական PR

Հոկտեմբեր 02,2012 16:20

Սեպտեմբերի 15-ը կամ կնշանավորվի որպես համակարգային փոփոխությունների, արմատական բարեփոխումների պատմական սկիզբ Հայաստանի Հանրապետության համար` հանձինս հայ ժողովրդի, կամ էլ հերթական անգամ կհիասթափեցնի մեր ժողովրդին՝ լինելով ոչ ավել, ոչ պակաս, քան նախագահի քաղաքական PR քայլն ընտրություններին ընդառաջ:

Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 15-ին, երբ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրեց խորհրդակցություն և անխնա քննադատության ենթարկեց գործադիրի՝ վերջին տարիների աշխատանքը: Կառավարությունը, մասնավորապես՝ վարչապետը, մի փոքր կարմրեց և «վստահեցրեց», որ այլևս «սթափվեցին» և «էական փոփոխություններ» կանեն իրենց աշխատանքներում: Բարեփոխումների սկիզբը կարծես թե չուշացավ…

Հաջորդ օրն արդեն վարչապետի հերթն էր կառավարության նիստում ամոթանք տալու իր ենթականերին առ այն, որ Ազգային գրադարանի վերանորոգման ընթացքում եղել են մեղմ ասած չարաշահումներ: Պարզվում է՝ գրադարանի վերանորոգման համար ժամանակին (չորս տարի առաջ) հատկացվել էր 700 մլն դրամ, որն այդքան էլ իր նպատակին չի ծառայել, և այսօր մենք հեռու ենք կապիտալ վերանորոգված գրադարան ունենալուց: Այս ամենին հաջորդեց Ազգային գրադարանի վերանորոգման ընթացքում կատարված չարաշահումների կապակցությամբ Գլխավոր դատախազության կողմից քրեական գործի հարուցումը:

Նախագահի` կառավարության նիստում ընդհանուր քննադատությունն ունեցավ նաև իր շարունակությունն առանձին կառույցներում:

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը սեպտեմբեր 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրեց խորհրդակցություն՝ գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի, զորամիավորումների և հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը հիմնականում վերաբերեց ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին. իհարկե, սա խորհրդակցության ընդամենը մի մասն էր, որն ազատ էր մամուլի ներկայացուցիչների լուսաբանման համար: Ճիշտ է՝ նախագահը քննադատեց հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող ամենակարևոր և առանցքային կառույցներից մեկի գործունեությունն այդ ոլորտում, սակայն շտապեց հավելել, որ պաշտպանության նախարարությունը, կոպիտ ասած, ավելի վատ վիճակում չէ, քան մնացած պետական կառույցները, պարզապես, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց. «ԶՈՒ-ից «մենք» միշտ էլ ավելին ենք պահանջում»:

Սեպտեմբեր 27-ին` կառավարության հերթական նիստի ժամանակ, պարզ դարձավ, որ առնվազն վերջին երկու տարիների ընթացքում ամբողջ հանրապետությունով գոմեշի միս էինք ուտում տավարի մսի փոխարեն: Գոմեշի մսի ներմուծման հետ կապված իրավիճակը ներկայացրեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը կառավարության հերթական նիստի ժամանակ: Պարզվում է, որ 2011թ.-ի ընթացքում Հնդկաստանից Հայաստան ներմուծվել է 10 324 տոննա 930 կգ գոմեշի մսի բրիկետներ, իսկ 2012թ. 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 5 284 տոննա 651 կգ գոմեշի մսի բրիկետներ: Սա էլ գոմեշային արկածներից մի հատված:

Այս ամենին հաջորդեց սեպտեմբեր 28-ը, երբ նախագահը ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետներում գործերի քննության խնդիրներին վերաբերող հարցեր: Այս խորհրդակցության ֆոնին, հենց նույն օրը ձերբակալվեցին ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, ինչպես նաև նույն ծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և Կենսաթոշակային ապահովագրության առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը (նախկինում կենսաթոշակների յուրացման աղմկահարույց գործի կապակցությամբ առաջացած նոր մանրամասների համատեքստում):

Այսքանով դեռ ամեն ինչ չավարտվեց: Սեպտեմբեր 29-ին նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց այցելել «Ֆարմատեք» ընկերություն՝ դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող այս ընկերության զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով: Այցից հետո նախագահը խորհրդակցություն հրավիրեց առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների, բուժօգնության մատչելիության ապահովման և դեղորայքային քաղաքականության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ: Նախագահն այս ոլորտը ևս չխնայեց և իրավիճակը որակեց որպես «բացարձակ խայտառակություն»:

Հոկտեմբերի 1-ին ազգովի ուշիուշով հետևում էինք ԱԺ պատգամավոր ԲՀԿ անդամ

Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ԱԺ-ում ծավալված բուռն քննարկումներին, որոնց ավարտին պահպանվեց գլխավոր ինտրիգը…

Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության, գործարար միջավայրի հետագա բարելավման և հարկերի հավաքագրման գործընթացի հետ կապված արդիական մի շարք հարցերի քննարկման նպատակով: Ամենակարևոր հայտարարությունը թերևս եղավ այն, որ նախագահը սպառնաց անխնա «պատժել» բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր կհամարձակվեն «միջամտել» հարկային մարմինների աշխատանքներին:

Ինչևէ, սա դեռ վերջին երկու շաբաթվա ներքաղաքական իրավիճակի ընդհանուր նկարագիրն էր, իսկ թե դեռ ինչ է սպասվում մեզ մինչև նախագահական ընտրությունները, մնում է մեծ անակնկալ: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ չկա որևէ ոլորտ, որտեղ չլինեն կոռուպցիոն դրսևորումներ, չարաշահումներ, համակարգային խնդիրներ և այլն: Այնպես որ խնդիր գտնելը, հրապարակելը, ոմանց պատժելը և դրանցով քաղաքական դիվիդենտներ շահելը բնավ էլ անհնար կամ դժվար գործ չէ: Կարծում եմ՝ կարևորն այն է, որ այս գործունեությունը լինի ինտենսիվ, շարունակական և որ ամենակարևորն է՝ իրական: Ի վերջո, Հայաստանն այլևս չի կարող հանդուրժել նմանատիպ խոչընդոտներ իր հեռանկարային զարգացման ոչ այնքան հեշտ ճանապարհին:

 

Էրիկ Երիցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031