Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում` նվիրված Դրեզդենի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին` Դրեզդենի «Ֆրաուենկիրխե» եկեղեցում: Համերգը կայացել է կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում, որն անցկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Արմինե Ղազարյանը տեղեկացրեց, որ համերգն անց է կացվել հայ գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում. «Ծրագրում ընդգրկված էին հայ եւ համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան, Էդուարդ Հայրապետյան, Բարբեր եւ Շնիտկե: Հատկապես կարեւոր էր Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես գալը. դա ապացուցեց, որ մեր համերգային կազմակերպությունները մրցունակ են միջազգային դաշտում»:
Տիկին Ղազարյանի խոսքով՝ նախկինում Հայաստանն առաջարկում էր իր երաժշտարվեստը, իսկ հիմա հրավերներ է ստանում. «Հայ մաեստրոները եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները մեծ պահանջարկ ունեն արտերկրում, քանի որ ունենք ներկայանալի կատարողական խմբեր եւ կոմպոզիտորներ»:
Կարդացեք նաև
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը փաստեց, որ երգչախումբը վերջին տարիներին ստացել է լուրջ հրավերներ, իսկ 2006 թ-ին երգչախմբի թողարկած CD-ին հեղինակավոր «Գրամոֆոն» հանդեսի կողմից դասվել է լավագույնների շարքը. «Մեզ վստահված էր համերգի փակման երեկոն, որի ընթացքում հնչեցրել ենք Կոմիտասի հոգեւոր, ծիսական եւ աշխատանքային երգերից, ինչպես նաեւ՝ 3 խմբերգ Մանսուրյանի «Իսահակյան» շարքից: Օտարերկրացի հանդիսատեսն արտասվեց Կոմիտաս լսելուց»:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհում հնագույններից է եւ համարվում է լավագույններից մեկը. «Մեր մասնակցությունը հատկապես կարեւորվեց նրանով, որ Եվրոպան տեսավ հայկական մշակույթը: Կարծիք է ստեղծվել, թե Հայաստանում քաղաքական խնդիրներն ավելի մեծ ուշադրության են արժանանում, բայց Եվրոպան համոզվեց, որ մենք ունենք գնահատանքի արժանի երաժշտարվեստ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ