Նախկինում հայտնել ենք, որ սամբո ըմբշամարտի խմբի գործունեության հետ կապված հակամարտության պատճառով իր դիմումի համաձայն հրաժարական էր տվել Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Սամվել Ճաղարյանը:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի 2012թ. փետրվարի 1-ի որոշումով Սեւքարի դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այդ դպրոցի ուսուցչուհի Մարուսյա Բալասանյանը, մինչեւ որ մրցույթով զբաղեցվի տնօրենի թափուր պաշտոնը:
Նախկինում Սեւքարի բնակիչները «Առավոտի» թղթակցին հայտնել էին, որ գյուղի դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Թանանյանն իրեն տնօրենի պաշտոնակատար նշանակելու պահանջով դպրոցում եւ գյուղում ստորագրություններ է հավաքում, որի պատճառով լարվածություն էր առաջացել:
Կարդացեք նաև
Սեւքարի բնակիչներն ասացին, որ Ն. Թանանյանը հոկտեմբերի 2-ին քննություն է հանձնել դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար արտոնագիր ստանալու նպատակով:
Նշենք, որ Ն. Թանանյանը մանկավարժական կրթություն չունի, նա ընդունվել է Իջեւանի քոլեջ, սույն կրթօջախի վերակազմավորման պատճառով կրթությունն ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի «Բժշկական կիբեռնետիկա» մասնագիտությամբ:
Սեւքարի միջնակարգ դպրոցից հայտնեցին, որ ԿԳՆ աշխատակիցների բազմաթիվ ստուգումներով Նաիրա Թանանյանի կողմից քիմիայի դասավանդումը բացասական է գնահատվել:
Սեւքարի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մեկ անգամ մրցույթ է հայտարարվել, դրան ներկայացել է մի հոգի, սակայն վերջինս իրապես գնահատելով տնօրեն ընտրվելու իր սակավ հնարավորությունները՝ չի մասնակցել մրցույթին;
Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մարուսյա Բալասանյանն ասաց, որ ինքը դպրոցի տնօրեն ընտրվելու համար համապատասխան ուսուցում եւ արտոնագիր ստանալու գործընթացին չի մասնակցել, քանի որ, ըստ օրենքի, ինքը լինելով տնօրենի պաշտոնակատար, մինչեւ 65 տարին լրանալը, դեռեւս 2 տարի եւ 2 ամիս կարող է աշխատել որպես տնօրենի պաշտոնակատար:
Սեւքարում խոսակցություններ են տարածված, որ Նաիրա Թանանյանի՝ տնօրենի պաշտոնակատար նշանակվելու հարցը վճռված է, քանի որ Տավուշի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյան դրա համար «դաբրո» է տվել: Սեւքարեցիները «Առավոտի» թղթակցին ասացին, որ Ն. Թանանյանի ամուսինը, ով Իջեւան քաղաքում ավտոպահեստամասերի խանութ ունի, գյուղում հայտարարել է, որ իր կնոջ տնօրեն նշանակվելու հարցն արդեն լուծված է:
Նշենք, որ սեպտեմբերից իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սեւքարի դպրոցի ուսմասվար Հասմիկ Հովսեփյանը, ուսմասվարի տեղը թափուր է:
Բազմիցս փաստերով նշել ենք, որ Տավուշի մարզի դպրոցներում խախտվում է դպրոցների տնօրենների պաշտոնակատարների նշանակման կարգը, սակայն մեր հրապարակումները անարձագանք են մնացել ԿԳՆ-ի կողմից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ