Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ. «Առաջին անգամ չէ, որ Հունգարիան նման որոշումներ է կայացնում»

Հոկտեմբեր 02,2012 15:15

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ պարոն Վոլֆգանգ Թիրզեի մասնակցությամբ Անի Պլազա հյուրանոցում կազմակերպված քննարկման ժամանակ, պարբերաբար թարմացվում էր երեկ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների թեման:

Չնայած, որ միջոցառումը մեր երկրին էր առնչվում եւ քննարկման թեման էր՝ Եվրամիության ճգնաժամը ինչ կնշանակի Հայաստանի եվրոպական հեռանկարի համար:  Վրացական ընդդիմության տարած հաղթանակը, միջոցառմանը ներկա քաղաքական ու հասարակական գործիչներին հանգիստ չէր տալիս: Նրանց համոզմամբ, դա ապացույցն էր այն բանի, որ այդ երկիրն իսկապես, բռնել է ժողովրդավարական զարգացման ուղին: Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ չնայած վրաց իշխանությունները ունեին բոլոր հնարավորություններն ու լծակները ընտրություններում իրենց ուզած արդյունքներն ապահովելու համար, սակայն գիտակցեցին, որ ճիշտը ժողովրդավար ընտրություններն են:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը խոսեց մեր երկրի ձեռքբերումներից, որոնք հանրապետական պատգամավորի կարծիքով, ունեցել ենք Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին: Ըստ նրա, եվրոպական բոլոր վարկերն ու տեխնիկական աջակցությունները Հայաստանը լավագույնս է օգտագործել` ժողովրդավարական պետություն ունենալու համար, քանի որ` «Մենք հստակ գիտակցում ենք, որ ժողովրդավարությունն է խնդիրների հաղթահարման ամենակարճ ճանապարհը»: Պարոն Զաքարյանը գտնում էր, որ կայուն եւ հարատեւ խաղաղությունը միջազգային հանրությանն ինտեգրվելու միակ ճանապարհն է: Իսկ Հայաստանի արեւելյան գործընկերներից ակնկալում էր` դատապարտել արեւելյան գործընկերության շրջանակներում ներգրավված Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները, որոնք ըստ ՀՀԿ պատգամավորի, ակնհայտ սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության համար:

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հունգարաադրբեջանական գործարքին, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանն ասաց.  «Եվրախորհրդի անդամ Հունգարիան ասում է, որ եվրադատարանի որոշումն իրենց համար օրենք չի: Ինձ մտահոգում է մեկ բան, այս մարդիկ (նկատի ունի հունգարական կառավարությունը,-Լ.Բ.) ասում են թքած ունենք ձեր դատարանների որոշումների վրա, արդյոք ձեր դատարանների անաչառությունը չի դրվում հարվածի տակ»:

Ի պատասխան պարոն Վոլֆգանգ Թիրզեն նկատեց. «Եթե նկատել եք, եվրոպական մամուլում Հունգարական կառավարության որոշումները խիստ քննադատության են արժանանում եւ առաջին դեպքը չէ, որ Հունգարիան այդպիսի որոշումներ է կայացնում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031