Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ հյուպատոս. «Գրին քարտը ուղեղների արտահոսք ապահովելու համար չէ»

Հոկտեմբեր 02,2012 15:08

Այսօր ԱՄՆ դեսպանատանը ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինը լրագրողներին ներկայացրեց «Բազմազանության արտոնագիր» վիճակախաղի (Գրին քարտի) 2014 թվականի խաղարկության գրանցման գործընթացի մասին մանրամասները: Հյուպատոսը տեղեկացրեց, որ 2014 թվականի վիճակախաղի մասնակցության դիմումները պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, այսօրվանից սկսած՝ մինչեւ նոյեմբերի 3-ը: Մասնակցության համար պետք է այցելել https://www.dvlottery.state.gov/ կայքն ու լրացնել առցանց դիմում: Իսկ թղթային կրիչներով դիմումներ չեն ընդունվելու:

Ըստ Ջորջ Լինի՝ «ամենամյա այս ծրագրի շրջանակներում մշտական բնակության արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք չափանիշների:

Բազմազանության արտոնագրի ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, այսինքն՝ համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրում է հաղթողներին, որոնք էլ իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնել: Սակայն խաղարկությունում հաղթելը դեռ չի երաշխավորում արտոնագրի ստացում: Հաղթողները պետք է անցնեն նաեւ հարցազրույց եւ որակավորված լինեն արտոնագիր ստանալու համար»,- պարզաբանեց հյուպատոսը:

Այն առնչությամբ, որ մարդիկ հաճախ իրենց էլեկտրոնային հասցեներին Պետքարտուղարությունից նամակներ են ստանում, որ շահել են խաղարկությունում, եւ գումար է պահանջվում հետագա գործընթացը ձեւակերպելու համար, հյուպատոսը զգուշացրեց, որ դրանք կեղծ նամակներ են, քանի որ ԱՄՆ կառավարությունը շահելու մասին երբեք էլեկտրոնային հասցեով չի տեղեկացնում եւ գումար չի պահանջում. «Գումարները վճարվում են միայն ԱՄՆ դեսպանատանը, հարցազրույցից առաջ, մեկ հոգու համար 330 ԱՄՆ դոլար, ինչն էլ անկախ վերջնական արդյունքից, չի վերադարձվում»,-նշեց Ջորջ Լինը:

Վիճակախաղում հաղթելու մասին եւ այլ ցանկացած ինֆորմացիա իմանալու համար հարկավոր է այցելել վերոնշյալ կայքը, որտեղ պարբերաբար ինֆորմացիա է դրվում: Իսկ այս անգամ՝ տեղեկությունները կտեղադրվեն կայքում մայիս ամսից ոչ շուտ:

«Բազմազանության արտոնագրի» հաղթողներն ըստ հյուպատոսի՝ հիմնականում բարձրագույն կրթություն ունեցողներն են, ինչն էլ պայմանավորված է ոչ թե ուղեղների արտահոսք ապահովելով, այլ նրանով, որ վերջինները կարողանան ԱՄՆ-ում հաստատվել. «Հիմնական չափանիշները վիճակախաղում հաղթելու համար՝ մարդկանց կրթությունն է եւ աշխատանքային փորձը, որովհետեւ մարդիկ պետք է ունենան ռեսուրսներ, կարողություններ, որպեսզի ԱՄՆ-ում կարողանան իրենց ապահովել, մինչեւ որոշակի աշխատանքի անցնելը»,-ավելացրեց նա:

Իսկ թե Հայաստանից գնացածներից քանիսն է փոշմանում ու ետ վերադառնում, դրա մասին տեղեկատվություն դեսպանատունը չունի, բացի այդ, մեկնողների ճակատագրով, ԱՄՆ-ում ոչ ոք չի հետաքրքրվում. «Ամերիկայի հայտնաբերումից հետո մարդիկ արտագաղթել են այնտեղ, որոշներին դուր է եկել, որոշներին, ոչ: Այնպես որ, եթե գնում եք ու ձեզ դուր չի գալիս, ապա դուք ազատ եք, կարող եք վերադառնալ»:

Ջորջ Լինը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ կեղծ ձեւով վիճակախաղում շահելու ցանկություն ունեցողները շատ են Հայաստանում, թե ոչ, եւ ո՞ր երկրներն են առաջատար կեղծարարությունների առումով ասաց. «Այս խնդիրը նախկինում էր շատ տարածված, այդ էր պատճառը, որ անցանք էլեկտրոնային տարբերակով հայտերի լրացմանը: Չեմ կարող ասել, թե որ երկիրն է ավելի շատ կեղծարարության դիմում, բայց լսել եմ, որ եղել են դեպքեր, երբ մեկ մարդու համար 1000 հայտ է ուղարկված եղել: Այժմ այդ հարցերը կարգավորված են»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031