Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյան. «Վարդան Օսկանյանի ելույթից որոշ պատգամավորներ հուզվեցին»

Հոկտեմբեր 02,2012 14:58

ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում կոչ արեց պատգամավորներին փրկել երկրի վարկանիշը. «Կարծում եմ, որ չի հաստատվելու մեղադրանքը եւ կարճվելու է գործը, բայց միջազգային մամուլը գրում է՝ կոռուպցիա, արտգործնախարարը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Հերքումը չի հասցվելու այդ ծավալին ու այդ տիրաժին, այդ լաքան արդեն մնալու է ՀՀ քաղաքացիների, պետական գործիչների վրա: Քիմմաքրումով էլ չի անցնում: Թողնում եմ բոլորին իրենց խղճի առջեւ, քաղաքական մոտիվների մասին չեմ ուզում որեւէ բան ասել: Քիչ առաջ իմ գործընկերներից մեկը հիշեցրեց դավադրույթունների մասին թեզը՝ սցենար: Հարգելի մեծամասնություն, եթե այդպես չէ, հուսախաբ արեք մեզ: Մի վերցրեք պարոն Օսկանյանի անձեռնմխելիությունը: Ստացվում է, որ բացի մի անկախ պատգամավորից, այդ որոշումը պետք է քաղաքական մեծամասնությունը վերցնի իր վրա: Նորմալ մարդ ենք, բոլորս էլ հասկանում եք, որ փողերի լվացման մասին խոսք չկա: Առաջինը ձեզ կոչ եմ անում գործադրել ջանքերը եւ ասել, խդրել կամ հրահանգել դատախազությանը, որ հետ վերցնի իր միջնորդագիրը: Շաբաթ օրը առավել եւս պարոն Օսկանյանն այդ ամբողջ գումարը փոխանցել է «Սիվիլիթասին»: Եթե կգնաք այդ ճանապարհով փրկելու երկրի հեղինակությունը, ես իմ շնորհակալությունը կհայտնեմ ձեզ: Այն ժամանակ կցիտեմ ԱԺ նախագահի այն խոսքերը՝ հիվանդության եւ ճշմարտության մասին: Եթե չլինի դա, ես ձեզ այլ բան եմ խորհուրդ տալու՝ ընկերական: Հիշում եք բոլորդ սովետական հայտնի պատմությունը, երբ գիտական թեզի պաշտպանության ժամանակ գիտխորհրդի բոլոր անդամները, բացի մեկից, դեմ են քվեարկած լինում, եւ նիստից հետո ամեն մեկը առանձին-առանձին մոտենում է այդ թեկնածունին, ով հայտ է ներկայացնում, ասում է՝ այն մի կողմը որ կա՝ այդ ես էի: Դրա համար կարիք կլինի, որ հակառակ իրավիճակն էլ լինի, վերջիվերջո եմ կարծում, որ քաղաքական մեծամասնությունը միաձայն պետք է ասի, այո, մենք մեր գործընկերոջը զրկում ենք քաղաքական անձեռնմխելիությունից: Ես անձամբ ունեմ իմ սկզբունքը՝ մարդուն չեմ տա, որովհետեւ մարդն ունի ժողովրդի կողմից տված լիազորություններ: Ես իրավասու չեմ համարում ինձ հետ վերցնել այն, ինչ մարդուն տվել է ժողովուրդը: Իրականացրեք այն գործողությունները, որը կհամարեք ճիշտ: Մենք լքում ենք ԱԺ դահլիճը»:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսքերով՝ «Պարոն Օսկանյանը երեկ շատ հուզիչ ելույթ ունեցավ, որը քաղաքական, բարոյական նկատառումներով էր: Ես նկատեցի, որ այդ ելույթից նաեւ որոշ պատգամավորներ հուզվեցին: Բայց հիշեցնում եմ, որ պարոն Օսկանյանը հեռացավ իրավական հարթությունից: Եղան հարցադրումներ, որոնց կցանկանայի անդրադառնալ: Որոշ կուսակցություններ փորձեցին այս իրավիճակից քաղաքական իրենց շահաբաժինն ունենալ: Որոշ դեպքերում աղավաղեցին ներկայացված փաստերը: Օսկանյանին կալանավորելու մասին սույն միջնորդագրով համաձայնության հարց չի դրվում: Չի զրկվում պատգամավորական մանդատից, չի խոչընդոտվում նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը: Նշվեց՝ այդ դեպքում ի՞նչ խափանման միջոց պետք է ընտրի իրավապահ մարմինը: Օրենքը չի պարտադրում պարտադիր ընտրել որեւէ խափանման միջոց: Նախաքննության մարմնի մոտեցումը գիտեմ, որ չեն ընտրելու որեւէ խափանման միջոց, անգամ ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին: Պատգամավորների կողմից հարցրեցին՝ չկա բողոք, ո՞ւմ շահերն եք պաշտպանում: Կրկնում եմ՝ «Սիվիլիթասի» եւ բարեգործություն կատարած Հանթսմանների բարի համբավը: Պատահական չէ, որ շաբաթ օրը ամբողջությամբ վերադարձվեց «Սիվիլիթասին» գումարը, փաստորեն ամբողջությամբ վերականգնվեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031