Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտնականի հանդեպ պետության վերաբերմունքը երկդիմի է

Հոկտեմբեր 02,2012 14:50

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ, մեզանից յուրաքանչյուրը ուրախանում եւ հպարտանում է մշակույթի, սպորտի եւ գիտության բնագավառներում ակնառու նվաճումների հասած հայկական ծագում ունեցող գործիչների համար։

Մենք հպարտորեն մեր արտասահմանյան հյուրերին ուղեկցում ենք համաշխարհային փառք ունեցող Բյուրականի աստղադիտարան, որի հիմնադիրն ու գրեթե անփոփոխ տնօրենն էր ականավոր գիտնական Վ. Համբարձումյանը, այնուհետեւ պատմամշակութային նշանակության այլ հիշարժան վայրեր։

1989թ. գարնանը, երբ ողջ Խորհրդային Միությունում, այդ թվում Հայաստանում, անցկացվում էին ԽՍՀՄ ԳԽ պատգամավորների ընտրություններ, Ապարանի եւ Աշտարակի տարածաշրջաններն ընդգրկող ընտրական տեղամասում ԽՍՀՄ ԳԽ պատգամավորի առաջադրված թեկնածուներից մեկն էլ ականավոր գիտնական Վ. Համբարձումյանն էր։ Այդ տարվա գարնանը Ապարանի թիվ 2 դպրոցի դահլիճում կազմակերպվել էր նրա հանդիպումը ընտրողների հետ։ Հանդիպման ավարտին, երբ արդեն սպառվել էին հանդիպման մասնակիցների հարցերն ու առաջարկները, ականավոր գիտնականը նախ մտահոգ հարց տվեց դահլիճին. «Ի՞նչ անենք Ապարանում մնայուն», ապա առաջարկեց հիմնադրել Գիտությունների ակադեմիային կից միջնակարգ դպրոց, դրանով իսկ ներգրավելով հանրապետության ինտելեկտուալ պոտենցիալը ոչ միայն բարձրագույն, այլ նան միջնակարգ կրթության բնագավառում։ Այդպես սկսվեց Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի կենսագրությունը։

Նույն թվականի հուլիսի 14-ին կայացավ ՀԽՍՀ ԳԱԱ-ին կից Ժողկրթության մինիստրության կոլեգիայի եւ Գիտությունների ակադեմիայի նախագահության հատուկ նիստ, որի որոշման 2-րդ կետով սահմանվեց «Ապարանի շրջանում բացել ՀԽՍՀ ԳԱԱ-ին կից բնագիտամաթեմատիկական թեքումով գիշերօթիկ միջնակարգ դպրոց՝ մենեջերական գործի տարրերի ուսուցմամբ՝ հանրակրթական միջնակարգ դպրոցի 3-րդ աստիճանի մակարդակով

(9-ից 11-րդ դասարաններ)», իսկ 3-րդ կետով՝ «Հանձնարարել ԳԱ Բյուրականի աստղադիտարանին՝ իրականացնելու դպրոցի գիտական հովանավորությունը»։

Անցած 23 տարիների ընթացքում դպրոցը հասել է ակնառու արդյունքների, ինչը չի բացառում նույնիսկ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ով դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հաշվի կառնվեն Ապարան քաղաքում ֆիզիկամաթեմատիկական կրթության լավ ավանդույթները։

Սակայն նույն նախարարի անդուլ ջանքերով, սկսած 2009թ՝. ՀՀ կառավարության նիստի օրակարգ էր բերվում դպրոցը լուծարելու մասին կառավարության որոշման 3 նախագիծ, որոնցից առաջինը (2009թ.) նիստի օրակարգ չի մտել ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի, իսկ երկրորդը (2011թ.) Արագածոտնի մարզպետ Ա. Սահակյանի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա. Գեւորգյանի բացասական եզրակացության պատճառով։ Եվ միայն 2012թ. մարտի 1-ին 231Ն որոշմամբ վերջապես իրականություն դարձավ Ապարանի ֆիզմաթ հատուկ դպրոցի լուծարումը (վերակազմակերպումը) եւ նրա զբաղեցրած տարածքի ամրացումը դեռեւս ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 7-ի 1596Ն որոշմամբ հիմնադրված՝ առ այսօր չգործած Ապարանի ռազմամարզական վարժարանին։ ՀՀ կառավարության որոշման հիմնավորում-տեղեկանքում զավեշտի հասնող դրույթներ կան։ Այսպես, օրինակ, 2012թ. մարտի 1-ին առաջարկվում է ֆիզմաթ դպրոցի տարածքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ին՝ 2011-2012թթ. ուսումնական գործընթացը իրականացնելու համար, այնինչ՝ շուտով կավարտվի 2012-2013 ուսումնական տարվա առաջին կեսը, սակայն այդ վարժարանը համառորեն չի գործում։

Մյուս հիմնավորումն այն է, որ ֆիզմաթ դպրոցում սովորում է 125 աշակերտ եւ հաշվի առնելով աշակերտների քանակը, երկու ավազ դպրոցների գործունեությունը արդյունավետ չէր, ինչպես կրթության կառավարման, այնպես էլ կրթության որակի ապահովման տեսանկյունից։

Ի դեպ, Ապարանի ֆիզմաթ դպրոցի սովորողների շուրջ 40%֊ը Շիրակի, Լոռու, եւ Արագածոտնի տարբեր համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներ են: Մեծարգո պարոն նախագահ, այս «բաց» նամակի անհրաժեշտությունը չէր լինի, եթե չլիներ մի նուրբ հակասություն։ Ձեր նախագահության առաջին տարում Ձեր անմիջական նախաձեռնությամբ՝ որպես անուրանալի վաստակի նշան, ՀՀ կառավարությունը սահմանեց Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ (որը գիտամանկավարժական աշխարհում ստացավ «Հայկական Նոբելյան մրցանակ անվանումը)։ Այն շնորհվում է անձամբ Ձեր կողմից աստղագիտության բնագավառում առավել ակնառու արդյունքների հասած արտասահմանյան ոչ հայազգի երկու գիտնականների, բայց միաժամանակ ՀՀ կառավարությունը լուծարում է ականավոր գիտնականի կյանքի վերջին ստեղծագործությունը՝ Ապարանի ֆիզմաթ հատուկ դպրոցը, դրանով իսկ զրկելով իրենց համայնքների միջնակարգ ղպրոցներ կամ Երեւան տեղափոխված ավելի քան 45 աշակերտներին որակյալ ֆիզիկա-մաթեմատիկական կրթություն ստանալու հնարավորությունից, իսկ դպրոցի ուսուցչական կազմի հիմնական մասին թողնելով բախտի քմահաճույքին (չնայած ՀՀ ԿԳ նախարարի հավաստիացումներին)։ Կարծում եմ՝ ականավոր գիտնականի թողած ժառանգության նկատմամբ պետության կողմից նման վերաբերմունքը երկդիմի է։

Հարգանքներով՝ տնօրեն Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031