«Ես այսօր այստեղ եմ, որովհետեւ մտահոգված եմ այս գործով, ինձ հետաքրքրում է, թե ինչպես են հայերը իրականացնում իրենց քաղաքական իրավունքները` կառավարության դեմ խոսելու, կառավարությանն ընդդիմանալու, ընտրություններին մասնակցելու առումով: Եվ պետք է նկատեմ, որ այս գործով ժամանակի ընտրությունը պատահական չէ: Ամենեւին զուգադիպություն չէ, որ մայիսի 24-ին ԲՀԿ-ն որոշեց չմիանալ կոալիցիային, եւ հենց հաջորդ օրը այս գործը բացվեց «Սիվիլիթասի» եւ Օսկանյանի դեմ: Այստեղ ոչ միայն ամեն ինչ ակնհայտ է, այլեւ ամեն ինչ արվեց, որ ամեն ինչ ակնհայտ լինի, որովհետեւ սա հստակ ուղերձ էր, թե ինչ կարող է լինել նրանց հետ, ովքեր դուրս կգան իշխանության դեմ: Եվ ոչ միայն ժամանակի ընտրությունն է որ հստակ ուղերձ է պարունակում, այլեւ` քննության ընթացքը, ավելի ճիշտ` դրա բացակայությունը: Մեղադրանքը վերաբերում է փողերի յուրացմանը եւ փողերի լվացմանը: Ես երեսուն տարվա դատախազական փորձ ունեմ, որից 20-ը` ներպետական եւ 10-ը` միջազգային: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ «յուրացում» մեղադրանքն անհնարին է, եթե չի խոսվում այդ գումարը հանձնողի` վստահորդի հետ: Ես զարմանում եմ, թե ինչու մինչեւ հիմա դատախազը չի խոսել պարոն Հանթսմանի հետ: Եվ որեւէ կարիք չկա Օսկանյանին զրկել անձեռնամխելիությունից ` Հանթսմանի հետ խոսելու համար: Քանի դեռ Հանթսմանը չի պնդել, որ այդ գումարները տնօրինվել են իր կամքին հակառակ, ոչ մի հանցակազմի մասին չի կարելի խոսել, եւ այս պահի դրությամբ ակնհայտ է, որ ոչ մի հանցակազմ չկա»: -այսօր Վարդան Օսկանյանի եւ «Սիվիլիթասի» հանդեպ հարուցված քրեական գործի վերաբերյալ կազմակերված ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային քրեական իրավունքի մասնագետ, այս գործով խորհրդատու Նիկոլաս Քույումջյանը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ