Իսկ եվրոպացի երաժիշտները նախընտրում են հայտագրերում ներկայացնել հայրենիքը
«Առավոտի» հետ զրույցներում հայաստանցի ճանաչված երաժիշտները, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորները հաճախ կատակում են՝ ասելով, թե բժշկության մեջ կիրառվող «աուտո» եղանակով բուժումը ավելի մեծ տարածում ունի մեր մշակույթում, հատկապես երաժշտարվեստում: Այն դրսեւորվում է հետեւյալ կերպ. արվեստագետը Հայաստանում ծնվում է, սովորում ու ստանում մասնագիտական որակյալ կրթություն, ապա հայտնվելով արտերկրում, մեր իսկ արյունը մեզ ներարկելու նման՝ հայրենիք հյուրախաղերի գալիս որպես այլ երկրի արվեստագետ, օրինակ՝ ամերիկահայ, ֆրանսահայ, իսպանահայ եւ այլն: Փորձառու արվեստագետների համոզմամբ՝ սա մեր ավանդական ցավն է. չարչիությունից փախչում ենք, ընկնում քաղքենիության գիրկը: Պատճառները հետեւյալն են՝ չկա պետական հոգածություն դասական արվեստի հանդեպ եւ մերոնց արտերկրում ճանաչում են իբրեւ հայ արվեստագետներ: Ստացվում է՝ դրսում ներկայանում են հայաստանցի, հայրենիքում՝ սփյուռքահայ:
Այս մտահոգությամբ կիսվեցինք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից 6-րդ անգամ անցկացվող Երեւանյան դասական երաժշտության միջազգային փառատոնի մասնակիցներից անվանի երաժիշտներ ու մշակութային-հասարակական գործիչներ, տավղահարուհի Յանա Բուժկովայի (Չեխիա), ֆլեյտահար Մասսիմո Մերչելլիի (Իտալիա) եւ դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխի (Գերմանիա) հետ:
Իտալացի Մասսիմո Մերչելլին ասաց, թե իր համար հասկանալի չէ կոլեգաների վարած նման քաղաքականությունը. «Հանդիպել եմ, օրինակ, կորեացի երաժշտի (չհայտնեց անունը) ու, չգիտես ինչու, նա ներկայացրել է ԱՄՆ-ը… Բազում օրինակներ կարող եմ բերել: Ի վերջո, այդ վերաբերմունքով վիրավորում ես առաջին հերթին երկիրդ: Վերջին շրջանում՝ կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, օրինակ, Իտալիան լավ ժամանակներ չի ապրում: Հասկանալի պատճառով, երբ հնչում է հայրենիքիս անունը, ապա առաջին հերթին թե տեղացի, թե արտերկրյա հովանավորները պատկերացնում են զուտ օպերային արվեստ: Մեզ մոտ 1-2 հայտնի օպերաներից բացի, մյուսները իսկապես ֆինանսական ծանր դրության մեջ են, բայց, միեւնույն է, ինչ-ինչ ճանապարհներով միջոցներ գտնվում են»: Ֆլեյտահարը հավելեց, որ իտալացի շատ երաժիշտներ վերջին շրջանում ստեղծագործում են արտերկրում, սակայն մշտապես, մասնավորաբար՝ հայտագրերում, չեն փոխում իրենց ազգային պատկանելությունը:
Յանա Բուժկովան հավաստիացրեց, որ երբեք իր մտքով չի անցել արտերկրում ապրել ու ստեղծագործել, թեեւ մինչ օրս էլ ունի նման առաջարկներ: Կատակեց, որ տարվա կեսը դրսում է անցկացնում ու դրա կարիքն ամենեւին էլ չկա: Տավղահարուհին կոնկրետացնելով խոսքը, ասաց. «Չեխիայում ստեղծագործելու բոլոր հնարավոր եւ անհնար պայմանները կան»:
Անդրեաս Ֆրյոլիխը խոսելով ֆինանսական ծանր հետեւանքների պատճառով գերմանական որոշ թատրոնների փակման մասին՝ նշեց. «Գիտեք, որ Գերմանիայի համարյա յուրաքանչյուր քաղաքում գործում է օպերային մեկ, նույնիսկ երկու թատրոն, եւ չեմ կարծում, որ ողբերգություն է, երբ երկուսը միավորվում են: Չեմ պատկերացնում, որ Գերմանիայից բացի, այլ երկրում կարող եմ հանգիստ ստեղծագործել: Միայն ցավում եմ, երբ տեսնում եմ, որ մեր հանդիսատեսը, ի տարբերություն Հայաստանի, ծերանում է»:
Եվրոպական փառատոնային ասոցիացիայի խորհրդի անդամ Մասսիմո Մերչելլին, Prix Amadeo դաշնամուրային միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար ու ժյուրիի նախագահ Անդրեաս Ֆրյոլիխը եւ Տավղի համաշխարհային կոնգրեսի գեղարվեստական ղեկավար Յանա Բուժկովան, անդրադառնալով Երեւանյան դասական երաժշտության միջազգային փառատոնին, փաստեցին այս միջոցառման ներկայցուցչական լինելը ու հավելեցին, թե իրենք մինչ Հայաստան այցելելը հանդիպել են ռուսաստանյան, եվրոպական եւ ամերիկյան հեղինակավոր փառատոների ժամանակ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ