Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս եք յուրացման մեջ մեղադրում մարդուն, որը իր ստացած 1,4 մլն դոլարի փոխարեն 1,5 մլն դոլար է փոխանցել

Հոկտեմբեր 02,2012 14:02


Այս հարցը այսօր բարձրացրեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը` «Սիվիլիթասին» եւ Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ ասուլիսի ժամանակ:
Ըստ փաստաբանի` Վարդան Օսկանյանը Հանթսման ընտանիքից «Սիվիլիթաս» հիմնադրամի համար ստացել է 1,4 մլն դոլար գումարը, որը նա որպես ավանդ ներդրել է հայկական բանկում` դրամով: Ապա, ավանդի տոկոսների եւ դրամ-դոլար փոխարժեքի փոփոխման արդյունքում «Սիվիլիթասին» փոխանցել է 1,5 մլն դոլար: «Եթե մարդը, որը իրեն հանձնված գումարից ավելի գումար է հանձնում մեկին, կարող է համարվել յուրացնող, ապա ես այլեւ ասելիք չունեմ: Ինձ մնում է միայն միանալ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ասածին եւ պահանջել գլխավոր դատախազի հրաժարականը»:
Պարոն Աթանեսյանը զարմանում էր` «մի՞թե դատախազությունը չգտավ մի կարգին ֆինանսիստի», որը կարող էր նորմալ հաշվարկել եւ հետաքննել, եւ ոչ թե պարզապես վերցնել Օսկանյանի բանկային հաշիվների շարժը եւ կոպտորեն գումարելով ելքերը, ստանալ 181 հազար դոլար ու հայտարարել, որ այդ գումարները Հայաստանի արտաքին գործոց նախկին նախարարը ծախսել է անձնական նպատակներով: «Ահա այս մակարդակի վրա է կատարված այդ հաշվարկը, համոզված եմ, որ դատախազն ինքը չի անում էդ հաշվարկները, իրեն տալիս են, բայց ինքը պետք է ստուգեր` մինչեւ միջնորդագիր ներկայացնելը»,-ասաց փաստաբանը:
Նա նաեւ անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի ասածին, թե` թող Օսկանյանը գնա դատարանում իր անմեղությունը ապացուցի.«Այդ դեպքում էլ ո՞ւմ համար է անձեռնմխելիությունը… Դե ինչ արած, մանկավարժ մարդ է, մի բան է ասել… Ներելի է»:
Պարոն Աթանեսյանը նաեւ կոչ արեց պատկերացնել, որ եթե հանրապետության տաս տարվա նախարարի հետ է նման բան կատարվում, ապա`ինչպիսին է շարքային քաղաքացիների վիճակը…
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031