Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Իսրայելյանի դատական քննությունը կայացավ

Հոկտեմբեր 02,2012 13:58

Դատական քննությունն անցկացվեց դատավոր Աղասի Դարբինյանի գլխավորությամբ: Անդրանիկը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան այն մասին, որ անվավեր ճանաչեն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության որոշումը՝ Անդրանիկ Իսրայելյանի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին, եւ կայացնեն բարենպաստ վարչական ակտ, այն է՝ վերականգնել նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում: Հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը վերջին անգամ ներկայացրեց փաստերը եւ դատավոր Աղասի Դարբինյանի այն հարցին, թե ինչն է հիմք հանդիսանում, որպեսզի ՄՊԾ-ի կողմից Անդրանիկի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին վարչական վարույթը համարեն սխալ, հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը պատասխանեց. «Հարգելի դատարան, Անդրանիկ Իսրայելյանի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին վարույթը տեւել է 3 օրից ավելի, այդ մասին վկայում են Անդրանիկի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշման մեջ եղած փաստերը: ՄՊԾ-ն առաջին անգամ գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը, որով հարցում է կատարել Անդրանիկի ծնողների քաղաքացիության ընդունման մասին: Դա եղել է 26.07.2011 թվականին, իսկ որոշումը կայացրել են միայն 24.08.2011 թվականին: Դա է պատճառը, որ ՄՊԾ-ի կայացրած վարույթը համարում եմ երկար ժամկետում, քանի որ հենց ծնողների քաղաքացիության ընդունման փաստն էլ հիմք է հանդիսացել Անդրանիկի փախստականի կարգավիճակը դադարեցնելու համար»:

Դատավոր Աղասի Դարբինյանը բավարարվելով դատական քննություններին մեջ բերված փաստերով՝ հեռացավ խորհրդակցական սենյակ եւ դուրս կգա 2012 թվականի հոկտեմբերի 12-ին, որպեսզի հրապարակի Անդրանիկ Իսրայելյանի՝ ՀՀ-ում փախստականի կարգավիճակը վերականգնելու մասին հայցով վճիռը:

Հիշեցնենք, որ «Առավոտն» անդրադարձել էր Անդրանիկի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին լուսաբանմանը եւ հավելենք, որ նրա կարգավիճակը դադարեցվել էր համաձայն 2004 թվականին գործող, իսկ այժմ չգործող «Փախստականների մասին» օրենքի, որտեղ նշվում էր, որ այն փախստական երեխաները, որոնց ծնողները ձեռք են բերել քաղաքացիություն, եւ իրենց 18 տարին լրացած չի եղել, ապա կորցնում են իրենց փախստական լինելու կարգավիճակը: Փաստացի, 2004 թվականին Անդրանիկ Իսրայելյանը ստացել է կարգավիճակը հաստատող անձնագիր, որը պարբերաբար երկարաձգվել է մինչեւ 2011 թվականը եւ միայն 2011 թվականին ՄՊԾ-ն հարուցել է վարչական վարույթ՝ նրա փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին՝ մտաբերելով, որ 2004 թվականին գործել է «Փախստականների մասին» օրենքը: Նշենք նաեւ, որ դրան հաջորդել է 2009 թվականից գործող «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքը, որի 64-րդ հոդվածում հստակ ձեւակերպված է, թե ովքեր են ՀՀ-ում ճանաչվում փախստականներ: Այդտեղ նշվում է, որ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձինք, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը համարվել են փախստականներ եւ ապաստան ստացածներ ու իրենց փախստականի կարգավիճակը չի դադարեցվել, ունեցել են փախստականի վկայական կամ ճամփորդական փաստաթուղթ, ապա շարունակում են ճանաչվել փախստականներ եւ ապաստան ստացածներ:

Հավելենք, Անդրանիկը ծնվել է 1987 թվականին: 1989 թվականին ընտանիքի հետ միասին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթել է Հայաստան եւ հաշվառվել որպես փախստական, ստացել փախստականի վկայական, այդուհետեւ փախստականի կարգավիճակը հաստատող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031