Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզներին սուրճ եւ պահածո կարելի է

Հոկտեմբեր 02,2012 13:55

Չնայած ՏՄՊՊՀ-ն ոչ մի կերպ չի պատկերացնում, որ դրանք երեխաներին կարելի են

Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց իր ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ որոշ ընկերություններ պետգնումներով հանրապետության որոշ մանկապարտեզների բաստուրմա, սուջուխ, մսի եւ ձկան պահածոներ ու սուրճ են մատակարարել: Հանձնաժողովի մոտ կասկած էր առաջացել, որ այս սնունդը իսկապես մանուկների համար է ձեռք բերվել: Եվ մինչ դատախազությունն ու պատասխանատու այլ մարմիններ հանձնաժողովի տրամադրած փաստաթղթերի հիման վրա կպարզեն, թե ով է մեղավոր, «Առավոտը» հանձնաժողովից ձեռք բերեց այն մանկապարտեզների տվյալները, որոնք որոշել էին երեխաներին բաստուրմայով, սուջուխով, պահածոյով ու սուրճով մեծացնել:

Օրինակ՝ Ախուրյանի «Հեքիաթ» կրթահամալիրը երեխաների համար պահածո է ձեռք բերել: «Առավոտի» հետ զրույցում կրթահամալիրի տնօրեն Լիանա Հարությունյանը նույնիսկ զարմացավ, որ ՏՄՊՊՀ-ն վատ բան է տեսնում երեխաներին պահածոներով կերակրելու մեջ: Տիկին Հարությունյանը վստահեցրեց, որ իրենք անօրինական ոչինչ չեն արել, քանի որ տավարի մսի պահածոն ձեռք են բերել կրթության եւ գիտության նախարարության հաստատած չափորոշիչներով: Մեր այն հարցին՝ արդյոք այդ հաստատված սննդացանկում հստակ նշվա՞ծ է մսի պահածո, մանկապարտեզի տնօրենն ասաց. «Ցանկում գրված է պահածո եւ վերջ, առանձնացված չէ՝ մսի, ձկան կամ այլ պահածո: Մենք ձեռք ենք բերում տավարի մսի պահածո եւ խտացրած կաթ, որը եւս պահածո է: Գյուղապետարանն էլ վերահսկում է, թե ինչպես է այդ հաստատված սննդակարգը իրականացվում»:

Հանձնաժողովի՝ մեզ տրամադրած տվյալներով՝ «Ամարա Պետրոսյան» Ա/Ձ-ի մատակարարման փաստաթղթերում, ի թիվս այլ սննդամթերքների, նշված է եղել նաեւ բաստուրմա: Այս Ա/Ձ-ն հանդիսացել է Վայոց ձորի թիվ 30, 32, 35, 40, 41, 2, 24, 15 եւ 19 մանկապարտեզների մատակարարը: Մենք փորձեցինք երեխաներին բաստուրմայով կերակրող ընկերության եւ մանկապարտեզների հետ կապվել: «Ամարա Պետրոսյան» Ա/Ձ-ի կոորդինատները որեւէ տեղեկատուում գրանցված չէին: Հաշվի առնելով, որ գյուղերի մանկապարտեզները գործում են գյուղապետարանների ենթակայությամբ, Վայոց ձորի մարզպետարանից փորձեցինք ճշտել, թե վերոնշյալ մանկապարտեզները ո՞ր համայնքներում են, եւ խնդրեցինք տրամադրել մանկապարտեզների տնօրենների ու գյուղապետերի հեռախոսահամարները: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Սոնա Մարգարյանը հայտնեց, որ իրենց մոտ մանկապարտեզները թվերով չեն գրանցված, հետեւաբար հանձնաժողովի տրամադրած ցուցակով որեւէ տեղեկատվություն չեն կարող տրամադրել: Մեր դիտարկմանը, որ հանձնաժողովի պաշտոնական փաստաթղթում մանկապարտեզները հենց թվերով են նշված, տիկին Մարգարյանն ասաց. «Գուցե նրանք, ովքեր միմյանց հետ առեւտուր են արել, իրենց հաշիվ-ապրանքագրերում սխալ տեղեկատվություն են տրամադրել: Կոնկրետ մենք այդպիսի տվյալներով գրանցված մանկապարտեզներ չունենք: Քաղաքի մանկապարտեզները թվերով են գրանցվում, Եղեգնաձորում եւ Վայքում կա թիվ 1 կամ 2, 3, մանկապարտեզ: Իսկ գյուղերի մանկապարտեզները գրանցվում են համայնքների անուններով: Մեր հաշվետվություններում գրանցված են, օրինակ՝ Արենիի մանկապարտեզ, Գետափի մանկապարտեզ: Մեր համայնքները փոքր են, եւ ամեն մեկը մեկ մանկապարտեզ ունի: Չենք կարող ասել՝ դրանք ինչու են էդպես գրվել եւ որտեղ են գտնվում»:

Արագածոտնի մարզի Արտենիի մանկապարտեզն էլ պետգնումներով 1220 դրամի (մոտ կես կիլոգրամ) սուրճ է ստացել. սա եւս հանձնաժողովին կասկածելի է թվացել:

Իսկ Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ կասկածելու պատճառ չկա, քանի որ, ինչպես գյուղապետն ասաց՝ էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարությունների կողմից մշակված ճաշացանկով են առաջնորդվում, եւ այդ ցանկում նաեւ սուրճ կա. «Օրական 0,2 գրամ սուրճ է նախատեսված ամեն երեխայի համար, չգիտեմ՝ ինչի հետ են տալիս, երեւի կաթի, բայց ցանկում հաստատ կա»: Արտենիի գյուղապետը նաեւ խոստովանեց, որ իր թույլտվությամբ մանկապարտեզի ավարտական միջոցառումների հյուրասիրությունների համար էլ են սուրճ ձեռք բերում. «Կա, որ սուրճը ոչ թե երեխաների համար է եղել, այլ՝ ամեն օգոստոսին «Հրաժեշտ մանկապարտեզին» միջոցառման. ես ինքս եմ թույլատրել: Բացի սուրճից՝ այդ միջոցառմանը հյուրերին հյուրասիրելու համար ուրիշ բաներ էլ ենք պատվիրում, թխվածք-բան»:

«Առավոտը» փորձեց նախակրթական հաստատությունների համար նախատեսված թույլատրելի սննդի ճաշացանկին ծանոթանալ եւ դիմեց համապատասխան գերատեսչությունների, որոնք պատասխանատվությունն իրար վրայից գցեցին: Կրթության եւ գիտության, առողջապահության նախարարություններից վստահեցրին, որ իրենք վաղուց կապ չունեն մանկապարտեզների ճաշացանկերի հետ. «Դիմեք սննդի անվտանգության պետական ծառայություն»: Իսկ ծառայությունից էլ մեզ վստահեցրին, որ իրենք եւս վաղուց կապ չունեն երեխաների ճաշացանկի հետ. ծառայությունն ընդամենը կարող է ստուգումներ կատարել մանկապարտեզներում, այլն էլ՝ ահազանգերի դեպքում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031