Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ավելին, քան հանրությունը գիտի Գեղամյանի մասին, ասել չեմ կարող»

Հոկտեմբեր 02,2012 13:51

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հակադարձում է երեկ խորհրդարանում հնչած մեղադրանքներին

– Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ քրեական գործում ներգրավելու մասին, «քաղաքական պատվեր է ԲՀԿ-ի դեմ», եւ որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները չեն մասնակցելու քառօրյայի հետագա նիստերին: Իսկ հետագա նիստերին մասնակցության հարցը կորոշվի: Կարծում եք՝ դա հարցի լուծման լավագո՞ւյն ձեւն է: Միեւնույն է՝ ՀՀԿ-ն մեծամասնություն է եւ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել:

– Խորհրդարանի գործունեությանը ծանոթ մարդկանց համար ակնհայտ է, որ արդյունավետ եւ լավագույն տարբերակը հիմա նիստին չմասնակցելն է, ինչն էլ անելու ենք մենք: Եվ նույնը ակնկալում ենք նաեւ անկեղծորեն այս հարցի արդարացի լուծման մեջ շահագրգռված խմբակցությունների կամ անհատ պատգամավորների կողմից:

– Իսկ տիկին Զոհրաբյանի այդ կոչին արձագանքներ եղա՞ն: Թեկուզ մասնավոր զրույցներում անհատ պատգամավորներ կամ խմբակցություններ ցանկություն հայտնե՞լ են բոյկոտին միանալու:

– Անկեղծ ասած՝ լարված, ծանրաբեռնված աշխատանքային ժամերը թույլ չտվեցին անձնական զրույցներ վարել, բայց քվեարկության արդյունքներն արդեն ցույց կտան, թե ով ինչ դիրքորոշում ունի: Արդեն այսօր կլինի քվեարկությունը, մասնակցողներն էլ կերեւան, չմասնակցողներն էլ:

– Գլխավոր դատախազի միջնորդության բավարարման պարագայում ի՞նչ քայլեր են նախատեսված ԲՀԿ-ի կողմից:

– Մենք հուսով ենք, որ ողջամտությունը կհաղթի, մենք հուսով ենք, որ արդարությունը կհաղթի, եւ մենք ապավինում ենք դրան: Առայժմ:

– Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահե Հովհաննիսյանն իր ելույթում հայտարարեց, որ Օսկանյանի դեմ վճիռն, ըստ էության, կայացվեց մայիսի 6-ին հրապարակված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Ի՞նչ նկատի ուներ պարոն Հովհաննիսյանը: ԲՀԿ-ում դեռ այն ժամանակ տեղյա՞կ էին այս ամենին, եւ ի՞նչ կապ ուներ դա ընտրությունների հետ:

– Ոչ: Վահե Հովհաննիսյանի այդ խոսքերը նշանակում են, որ դա ակնհայտորեն կապված է պարոն Օսկանյանի քաղաքական գործունեության հետ:

– ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանին զարմացրել է ԲՀԿ-ի պահվածքը, մասնավորաբար այն, որ կուսակցությունը պատրաստվում է փաստաթղթեր ներկայացնել գործընկերների դատին, որոնք կապացուցեն միջնորդության սին լինելը: «Օսկանյանը հրաժարվել է ցուցմունք տալ նախաքննության մարմնին, իսկ հիմա ցուցմունքների գործի մեջ է ներքաշում մի ամբողջ կուսակցության»,- ասել Գեղամյանը: Ի՞նչ կհակադարձեք:

– Պարոն Գեղամյանը ժամանակին պաստառներ էր տարածել Հայաստանով մեկ՝ «Փրկենք հայրենիքը» կոչով: Ու ավելին, քան հանրությունը գիտի Գեղամյանի մասին, ասել չեմ կարող:

– ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց ելույթներում փորձում էին արդարացնել դատախազի միջնորդությունը՝ բարոյախրատական տոնայնությամբ: Որքանո՞վ է ընդունելի դա:

– Նախ՝ միջնորդությունն անհիմն է: Ապա՝ որեւէ մեկն էլ պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Մեղադրող կողմը պարտավոր է ապացուցել եւ հիմնավորել իր կողմից առաջ քաշված ցանկացած վարկած:

– Բավականին կոշտ եւ մեղադրական խոսեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ թափված արյան ուղղակի պատասխանատուներից համարելով Վարդան Օսկանյանին:

– Հռետորաբանությունն ու կոնկրետ քրեական գործի շրջանակներում բերված փաստարկներն ու դիտարկումներն ընդհանուր բան չունեն:

– Այս ընթացքում բազմիցս եւ տարբեր առիթներով խոսվել է մարտիմեկյան իրադարձություններում Վարդան Օսկանյանի քաղաքական պատասխանատվության մասին: Կուսակցությունում այդ թեմայով քննարկումներ եղե՞լ են: Չե՞ք գտնում, որ պարոն Օսկանյանն իսկապես այդ ամենի համար քաղաքական պատասխանատվություն է կրում, չե՞ք պատրաստվում ձեր կուսակցին այդ մասով պատասխանատվության դաշտ բերել:

– Պատասխանատվություն այս պարագայում նշանակում է կոնկրետ իրավական գործողություններ: Իրավական գործողությունները քաղաքական հռետորաբանության հետ կապ չունեն:

– Այս ընթացքում նաեւ տեսակետներ հնչեցին, որ Օսկանյանի հետ կապված այս պատմությամբ իշխանությունները փորձում են ԲՀԿ-ի եւ Օսկանյանի համար ընդդիմադիրի կերպար կերտել: Կա՞ դրանում ճշմարտության հատիկ:

– Օսկանյանն իր կերպարը կերտել է երկար տարիների գործունեության ընթացքում, եւ հատկապես վերջին շրջանի իր հրապարակային եւ թափանցիկ ելույթները, կարծում եմ, լիարժեք պատասխաններ տալիս են իր կերպարի հետ կապված:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031