Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը պաշտպանվելու խնդիր ունեն»

Հոկտեմբեր 02,2012 13:47

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ ԱԺ նոր հանձնաժողովը կարժանանա նախորդի ճակատագրին, քանի որ ներկայումս մթնոլորտն ավելի վատն է, եւ հանձնաժողովի աշխատանքներում ՀԱԿ պատգամավորների մասնակցությունն իրավիճակն էլ ավելի կբարդացնի: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ կարծում է, որ քանի դեռ չի բացահայտվել մարտի 1-ը, անընդհատ պետք է ստեղծել նոր հանձնաժողովներ: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճից :

Սեդա Սաֆարյան- Նոր հանձնաժողովի ստեղծման գաղափարը թվում է լավ, որովհետեւ երբեք չենք ուզի, որ Մարտի 1-ի էջն այդպես փակված մնար: Բայց կարծում եմ, որ այսօրվա իրավիճակում Ազգային ժողովը չունի այնպիսի քաղաքական ձեւավորված մթնոլորտ, որ կարողանա ստեղծել հանձնաժողով եւ օբյեկտիվ գնահատական տալու ցանկություն ունենա Մարտի 1-ի իրադարձություններին: Կարծում եմ, որ հանձնաժողովն իրեն չի արդարացնի եւ կարժանանա նախկին հանձնաժողովի ճակատագրին: Այսինքն՝ էլի կարող է ստեղծվել մի փաստաթուղթ, որը հասարակությանը չի կարող հավատ ներշնչել: Որովհետեւ այդ ամենը ավելի շատ քաղաքական մոտիվ է կրում, եւ զուտ իրավական հարթության վրա հնարավոր չէ, որ որեւէ հանձնաժողով ապացուցում իրականացնի եւ բացահայտի սպանություն կատարող կոնկրետ անձի կամ որեւէ գնահատական տա: Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, ապա ես կարծում եմ, որ 2008թ. Մարտի 1-ից հետո ԱԺ-ն զրկված չէր քաղաքական գնահատական տալու հնարավորությունից: Ամբողջ այս իրավիճակի վերլուծությունը ես կդնեի երկու մարմինների վրա. առաջինը՝ ԱԺ-ի, որը քաղաքական գնահատական տալու իրավասու մարմին է, եւ երկրորդը՝ նախաքննական մարմինների վրա, որոնք կարող էին Մարտի 1-ն իրականում քննության առարկա դարձնել եւ բացահայտել հանցագործության բուն կատարումն ու քրեաիրավական որակում տալ անձանց կատարած արարքներին: Բայց ոչ Ազգային ժողովը, ոչ էլ նախաքննական մարմինը չարեցին իրենց գործը, եւ առկա այսպիսի մթնոլորտում՝ անվստահություն, իրար նկատմամբ շատ ավելի վատ հարաբերություններ, կարծում եմ, որ այդ հանձնաժողովը ցանկալի աշխատանք չի կարող տանել:

Վարդան Հարությունյան- Ես էլ եմ կարծում, որ հանձնաժողովի ստեղծման միտքը լավ միտք է՝ այն առումով, որ այդ սպանությունները բացահայտված չեն, եւ այդ ուղղությամբ պետք է մշտապես աշխատանք տարվի: Ես վստահ եմ, որ Մարտի 1-ը իրականացրել են իշխանությունները՝ մտածված, սառնասիրտ սպանություն է դա եղել: Եվ այս իշխանությունների օրոք դա բացահայտելը լինելու է եթե ոչ անհնարին, ապա շատ դժվար: Ինչքան ուզում է՝ հանձնաժողովներ ստեղծեք՝ բախվելու ենք այն իրականությանը, որին բախվեց նախկին փաստահավաք խումբը: Բայց ես կուզենայի, որ այդ հանձնաժողովը ստեղծվեր. մեկ անգամ եւս, յոթ անգամ եւս թող անցնեն այդ ճանապարհով, պետք է այս իշխանությունները հասկանան, որ դա մարսել, փակել հնարավոր չէ: Սերժ Սարգսյանն իր գլխավորած խմբով պետք է իմանա, որ Մարտի 1-ը նրան հետապնդելու է միշտ: Ռոբերտ Քոչարյանը կլինի իշխանության, թե ոչ՝ պետք է իմանա, որ արյունը ջրով չի լվացվում:

«Առավոտ»- Նախորդ հանձնաժողովում ՀԱԿ-ը չցանկացավ ընդգրկվել, եւ անգամ, եթե հիշում ենք, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե պատրաստ է այդ հանձնաժողով գործուղել ՀՀՇ-ի Գեւորիկին: Ներկայումս իրավիճակն այլ է. ՀԱԿը ներկայացված է ԱԺ-ում, ընդ որում՝ Մարտի 1-ի դեպքերում կարեւոր մասնակցություն ունեցած պատգամավորներով: Նաեւ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում են Մարտի 1-ի այլ առանցքային դերակատարներ: Այս իրողությունը կարո՞ղ է որակական փոփոխություն մտցնել ձեւավորվելիք հանձնաժողովի աշխատանքում:

Ս. Ս.- Ես չեմ կարծում, թե մարդիկ այդպես հանգիստ իրենց ոտքի տակը կփորեն: Այս պատմության մեջ բազմաթիվ անձինք են թաթախված, բազմաթիվ օլիգարխներ, պետական այրեր, զինվորականներ, որոնք ըստ ստվերային խոսակցությունների՝ իրենց հայտարարությունների, այս պետությունը պահող անձինք են: Ուստի ես չեմ կարծում, որ մթնոլորտը փոխվել է, եւ եթե անգամ փոխվել է, ապա՝ վատ առումով: Որովհետեւ նախկին ԱԺ-ում կային անուններ, համենայնդեպս՝ 7-8 պատգամավորներ, որոնք ակտիվ պայքարում էին Մարտի 1-ի էջը բացելու համար, ու նրանք հիմա ԱԺ-ում չկան:

 

«Առավոտ»- Փոխարենը կան Կոնգրեսի պատգամավորները:

Ս. Ս.- Ես չեմ թաքցնում, որ նաեւ Կոնգրեսի որոշակի անձանց ներկայության եւ նրանց կողմից Մարտի 1-ում մեղավորության հարցերը քննարկվել են: Ամեն դեպքում՝ իշխանական կողմն էլ նրանց մեղադրում էր ժողովրդին լարելու համար: Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված խնդիր կա, եւ արդյոք հնարավոր կլինի՞ ճիշտ բացահայտումներ անել՝ պաշտպանական առումով եմ ասում, որովհետեւ այստեղ դուրս է գալիս, որ Կոնգրեսն էլ կարող է իր շահերն ունենալ այս խնդրի հետ կապված: Ես ընդունում եմ, որ քաղաքական մեծ պատասխանատվությունը իշխանությանն է, որովհետեւ նրանք ունեն մեծ լծակներ, եւ նրանք են երկրի կառույցները ներքաշել այս ամենի մեջ: Ես կոնկրետ չեմ կարող ասել, թե Կոնգրեսի ներկայացուցիչներն ինչ դեր են խաղացել, բայց բանակցությունների փուլի հետ կապված՝ ես հիշում եմ, որ երկկողմանի մեղադրանքներ էին հնչում առ այն, որ Մարտի 1-ի ցերեկվա բանակցությունները կարող էին լավ ավարտ ունենալ, եթե երկկողմանի կամք դրսեւորվեր: Եվ եթե խոսում ենք մթնոլորտից, ապա չի բացառվում, որ կրկին այդ հանձնաժողովում հնչեն երկկողմանի մեղադրանքներ, եւ մթնոլորտն էլ ավելի վատը լինի: Պիտի հիշեցնեմ, որ փաստահավաք խմբի ցրման հիմնական պատճառաբանությունն այն եղավ, թե մեզ մոտ 5 հոգուս մեջ մթնոլորտը լավը չի, թեեւ լավը լինելու որեւէ հեռանկար էլ չկար, բոլորս պիտի մեկ գործի համար գնայինք՝ Մարտի 1-ի բացահայտում, ու վերջ: Այնպես որ, կարծում եմ, այս դեպքում էլ նույն ճակատագիրը կլինի, որովհետեւ այնտեղ բոլորը պաշտպանվելու խնդիր ունեն:

Վ. Հ.- Ես մեղքի մեծ ու փոքր բաժանում չեմ կատարում: Ես վստահ եմ, որ այս պատմության մեջ մեկ մեղավոր կա, եւ դա ՀՀ իշխանություններն են՝ այն ժամանակվա նախագահի եւ վարչապետի գլխավորությամբ: Նրանք ծրագրել են եւ իրականացրել Մարտի 1-ը: Նրանք դեռ 2007թ.-ին դատախազությանն իջեցված գրություններով գալիք ընտրությունները դիտարկում էին որպես իշխանությունը զավթելու փորձ: Ընդդիմության վրա Մարտի 1-ի հետ կապված որեւէ մեղք բարդելը, կարծում եմ, թյուրիմացություն է:

Ս. Ս- Չի կարելի ուշացած խոսել, վերադարձ 5 տարի առաջվան դժվար կլինի՝ ե՛ւ ապացույցների հավաքագրման, ե՛ւ տեսակետների արտահայտման հետ կապված: Եվ հետո՝ չմոռանանք, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր այս կամ այն չափով առնչվել էին այդ դեպքերին եւ կարող էին վկայել, թողեցին-հեռացան Հայաստանից՝ շառից-փորձանքից հեռու սկզբունքով: Եվ Մարտի 1-ի չբացահայտվելու պատճառը ոչ միայն այն է, որ իշխանությունները չեն ուզում, այլ նաեւ այն, որ մեր հասարակության որոշակի խավ ինքը քաղաքացիական իր պարտքը չհամարեց համառորեն ստիպելու իշխանություններին հաշտվել այն մտքի հետ, որ Մարտի 1-ը պետք է բացահայտվի:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031