Լրահոս
Օրվա լրահոսը

Երկակի հակասություն

Հոկտեմբեր 02,2012 13:35

ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը երեկ ելույթ ունենալով խորհրդարանում` «ի պաշտպանություն» Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու, անդրադարձավ նաեւ աշխարհաքաղաքական խնդիրներին: Որքան հասկացա, պատգամավորի միտքը հետեւյալն էր. պարոն Օսկանյանն իր քաղաքական գործունեության ֆինանսական բաղադրիչն ապահովելու համար օգտվում էր ԱՄՆ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Ջոն Հանթսմանի աջակցությունից (պետք չէ ձեւ անել, որ դա այդպես չէ` ուրիշ հարց, որ դա «փողերի լվացում» չէ): Պարոն Հանթսմանի կուսակցությունը բավականին կոշտ քննադատում է Պուտինի ռեժիմը: Սակայն պարոն Օսկանյանի կուսակցությունը եւ դրա փաստացի հիմնադիր Ռոբերտ Քոչարյանը չափազանց ջերմ վերաբերմունք ունեն ոչ միայն Պուտինի, այլեւ Լուկաշենկոյի ռեժիմների հանդեպ` հավանաբար զգալով նրանց հետ որոշակի հոգեւոր հարազատություն: Եվ ահա պատգամավոր Գեղամյանը, որը նույնպես այս «եվրասիական» (կացնային-ավտորիտար) մտածելակերպի ջատագովն է, այստեղ իրավամբ հակասություն է տեսնում:

Հատկանշական է, որ երեկ խորհրդարանում խոսվում էր ոչ այնքան փողերի, փոխանցումների ու հաշիվների, որքան քաղաքականության մասին, որովհետեւ խնդիրն ինքնին քաղաքական է եւ կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ոմանք պնդում են, որ Օսկանյանը` իր հակասություններով հանդերձ, կարող է լինել ընդդիմության թեկնածու, եւ հենց դրա համար են իրեն ճնշում: Ոմանք էլ ասում են, որ իշխանությունը հատուկ է նախկին արտգործնախարարի գլխին «տառապյալի» պսակ դնում, որպեսզի հենց նա՛ ընկալվի որպես այլընտրանք եւ հեշտությամբ պարտվի ընտրություններում: Ոչ ոք, բնականաբար, չի հավատում, որ պատգամավորների շրջանում օրինականության հաստատումը պետք է սկսվի հենց Վարդան Օսկանյանից եւ ոչ թե, ասենք, Վարդան Այվազյանից կամ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներից:

Բայց պարոն Գեղամյանի նկատած հակասությունը միակը չէ: Մյուս հակասությունը կապված է ՀԱԿ-ի դիրքորոշման հետ: Մի կողմից՝ այդ կուսակցությունը (ժամանակն է, ի դեպ, որ ՀԱԿ-ականները խոստովանեն, որ իրենք մեկ կուսակցություն են, ոչ թե կուսակցությունների դաշինք) չի կարող չպաշտպանել պատգամավորին քաղաքական հետապնդումներից: Մյուս կողմից` չի կարող չհիշեցնել նախկին արտգործնախարարին եւ քոչարյանական թիմի առանցքային դեմքին իր մեղքերը: Ես, օրինակ, կհիշեցնեի նաեւ, թե ինչպես էին 2008 թվականին ԲՀԿ-ականներն ընդունել ժողովրդավարությունը վայրագորեն սահմանափակող արտակարգ դրությունը եւ ինչպիսի հեշտությամբ էին նրանք «հանձնել» իրենց ընդդիմադիր գործընկերներին: Այդ ժամանակ քաղաքական հաշվեհարդարներն իրենց չէի՞ն հուզում: Թե՞ չէին ենթադրում, որ 4 տարի անց նույն վիճակում են հայտնվելու:

Մի խոսքով, որպես ՀԱԿ թեկնածու՝ Վարդան Օսկանյանը չի նայվում: Չնայած ո՞վ գիտի, թե որքան հեռու կարող են գնալ պրագմատիզմն ու «ռեալ պոլիտիկ»-ը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031