Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը բոյկոտում է քվեարկությունը եւ Աղվան Հովսեփյանին խորհուրդ տալիս. «Բոլոր գողերը եկեղեցի են կառուցում, խա՛չ կառուցեք»

Հոկտեմբեր 02,2012 12:34

ԱԺ-ում շարունակվում է քննարկումը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: ԲՀԿ պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը նշեց, որ ԲՀԿ ոչ մի պատգամավոր այսօր չի եկել, ինչպես հայտարարել էին, միայն մի քանի հոգով են՝ ինքը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը եւ Գուրգեն Արսենյանը: Նրանք էլ եկել են, որովհետեւ ելույթ ունեն. «Մենք ունենք մեր պատկերացումները երկրի զարգացման մասին: Մեծ հաշվով սա Օսկանյանի խնդիրը չէ, սա նույնիսկ ԲՀԿ-ի խնդիրը չէ՝ մեր բոլորի խնդիրն է»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀԱԿ-ի խմբակցության անունից հայտարարեց. «Նկատի ունենալով, որ Օսկանյանին ներկայացվող մեղադրանքների մասին ՀՀ իրավապահ մարմինները տեղյակ են եղել երկու տարի առաջ, իսկ քրեական գործը հարուցվեց 2012-ի մայիսի վերջին, երբ Վարդան Օսկանյանը սկսել էր զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ, ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ՝ անկախ ներկայացված միջնորդագրի իրավական հիմնավորվածությունից կամ ոչ հիմնավորվածությունից: Սա նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հիմնած այն հանցավոր պրակտիկայի դրսեւորման նմուշներից է, երբ իշխանությունները կոմպրոմատ են հավաքում պաշտոնյաների, գործարարների վերաբերյալ ոչ թե օրինականության եւ օրենքի առջեւ պատասխանատվության ապահովման համար, այլ՝ իրենց նախընտրած պահին դրանք քաղաքական նպատակներով օգտագործելու համար»:

Ըստ Արամ Մանուկյանի, դատախազի ներկայացրած միջնորդությունը նույն նպատակով է, ինչ ժամանակին արեցին Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Խաչատուր Սուքիասյանի, Հակոբ Հակոբյանի նկատմամբ, երբ գործադրվեցին քաղաքական ապօրինի հետապնդումներ: Այս 4 պատգամավորների հարցով ՀԱԿ-ը պատրաստվում է ԱԺ-ում հանդես գալ առանձին նախաձեռնությամբ:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ «Նկատի ունենալով, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այն անձն է, ում անվան հետ կապում են Հայաստանում տեղի ունեցող բոլոր հակաօրինական հետապնդումները, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործի տապալումը, Մարտի 1-ի տասնյակ սպանությունների չբացահայտման, մեղավորների պարտակման հարցը, ՀԱԿ-ը որեւէ վստահություն չի տածում դատախազի ոչ պրոֆեսիոնալ որակների, ոչ բարոյական որակների վրա: Ելնելով այդ ամենից՝ ՀԱԿ-ը ամբողջ կազմով չի մասնակցելու քվեարկությանը:Իմիջիայլոց, բոլոր մեղավորները, գողերը, հանցագործները սովորաբար փորձում են եկեղեցի ու խաչ կառուցել: Պարոն դատախազ, փորձեք խաչ կառուցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031