Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սա քաղաքական հետապնդում է բացառապես Վարդան Օսկանյանի դեմ

Հոկտեմբեր 02,2012 12:01

Սա քաղաքական վրեժխնդրություն է։ Ընտրված է Վարդան Օսկանյանին հնարավորինս նվաստացնելու ճանապարհը։ Հակառակ դեպքում՝ ԱԱԾ մարմինները պարոն Օսկանյանին չէին հրավիրի իրենց մոտ՝ նման ստորացուցիչ մեթոդով, ԱԱԾ այցելելու «հրավերն» ուղարկել են ոչ թե անձամբ, այլ «Սիվիլիթասի» հասցեով, բաց ծրարով… Եվ հետո, դատելով Վւսրդան Օսկանյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա կոնսպիրացված երկխոսությունից, պարզ դարձավ. իշխանությունները, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանը, Վարդան Օսկանյանին ինչ-որ խոստումներ, երաշխիքներ են տվել, որոնք չեն կատարել։

Եվ վերջապես՝ այն, որ պարոն Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, պարզ է անգամ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին։ Նա իր ելույթում նկատեց, թե նախկին իշխանությունները, որպես կանոն, չեն դիմանում «դրսին» և սկսում են խոսել գործող իշխանությունների ձախողումների մասին. «Չեմ կարծում, որ պարոն Օսկանյանն այն մարդն է, ով պետք է խառնվեր այդ տեսակի մեջ»։

Սակայն կա մի նյուանս, որը, թերևս, խիստ կարևոր է։ «Այսօր մենք չենք քննարկում միայն Վարդան Օսկանյանի խնդիրը։ Այսօր մենք քննարկում ենք Հայաստանում քաղաքական մրցակցին, տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ին, մրցակցությունից հանելու փորձի խնդիրը»,- երեկ իր ելույթում հատկապե՛ս շեշտեց պարոն Օսկանյանը։

Սակայն ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ սա քաղաքական հետապնդում է բացառապես Վարդան Օսկանյանի դեմ։ Եվ ոչ ԲՀԿ-ի, ինչպես ներկայացվում է։ Դարձյալ մեջբերենք Գ. Սահակյանի երեկվա ելույթից. «Երբեք չհավատաք, որ ՀՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ կհակադրվի, առավելապես կամ մասնավորապես՝ ԲՀԿ-ի հետ։ Մենք մի քանի ամիս առաջ նույն երգն էինք երգում։ Այսօր ոչինչ չի փոխվել»։

ԲՀԿ ներկայացուցիչները խորհրդարանում երեկ խիստ բորբոքված էին և իրավացիորեն պնդում էին, որ պարոն Օսկանյանի դեմ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար։ Սակայն նրանց ցասումն ակնհայտորեն չափազանցված էր. իրենք էլ պիտի որ գիտակցեն՝ գործող իշխանությունը ԲՀԿ-ի դեմ որևէ պրետենզիա չի կարող ունենալ։ Եթե անգամ Վ. Օսկանյանին ԲՀԿ-ից մեկուսացնելու խնդիր է դրված, այդ դեպքում էլ ԲՀԿ-ն միայն շահում է. աճում է ԲՀԿ գլխավոր թեկնածուի՝ Գագիկ Ծառուկյանի հնարավորությունը նախագահական ընտրություններին։ Եթե, իհարկե, ԲՀԿ առաջնորդը նման մտադրություն ունի։ Հետևաբար՝ Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քայլն այնքան էլ, եթե չասենք՝ ընդհանրապես, ԲՀԿ-ի դեմ ուղղված չէ։ Եվ հետո՝ դժվար չէ հիշել, թե ինչպես էր երկրի իշխանություններին, մասնավորապես՝ երկրի նախագահին, քննադատելու հարցում Վ. Օսկանյանը միշտ միայնակ։ Այդ ժամանակ նրա կուսակից ԲՀԿ-ականներին հարցնել չէր լինում՝ համամի՞տ են Օսկանյանի հետ, թե՞ ոչ։ Նրանք բոլորը, մի մարդու պես, պատասխանում էին. «Պարոն Օսկանյանի տեսակետը չենք մեկնաբանում»:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031