Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը՝ տնօրեններին. Ձեր ամբիցիաները չտեղավորեք միայն քաղաքային դպրոցներում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2012 11:36

 

Այսօր Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում մեկնարկեց  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունը, որը վերջինն է այս տարվա համար:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեց քննությունների մեկնարկին: Տնօրենների հետ հանդիպմանը նախարարը նրանց հորդորեց իրենց ամբիցիաները չտեղավորել միայն քաղաքային դպրոցներում. «Աշխատեք առաջադրվել նաեւ գյուղական դպրոցներում, որտեղ լավ տնօրենների կարիք ունենք: Անհավասարություն է դիտվում այն առումով, որ Երեւանի հավաստագիր ունեցող տնօրենների թիվը երկու անգամ գերազանցում է մարզային ցուցանիշը: Վստահեցնեմ, որ այս քննաշրջանում միջնորդության որեւէ դեպք չի գրանցվել: Դա ենթադրում է, որ հավակնորդները վստահ են իրենց ուժերին, կամ՝ զանգահարողները հասկացել են, որ անիմաստ է զանգելը»:

Լրագրողների հետ զրույցում Աշոտյանը նշեց, որ երկու տարի առաջ ներդրված հավաստագրման մեխանիզմն արդյունավետ  է եւ տնօրեններին հնարավորություն է տալիս ցույց տալ մասնագիտական հմտությունները:

Նշենք, որ մինչ քննությունները տնօրեններն անցել են վերապատրաստման դասընթացներ, որոնք անց են կացվել 7 կազմակերպության կողմից:

Նախարարն ասաց, որ հաջորդ տարվանից  քննությունները ներառելու են համակարգչային հմտություններից օգտվելու ստուգման գործընթաց. «Այդ կերպ տնօրեններից ակնկալելու ենք համակարգչային տարրական գիտելիքների տիրապետում իրենց աշխատանքում: Այս քննությունների պարագայում փոխվել են գրավոր եւ բանավոր հարցերը, որպեսզի քննություններն առավել օբյեկտիվ անցնեն, իսկ մասնակիցներն էլ հույսները չդնեն հարցերն անգիր սովորելու վրա»: Պարոն Աշոտյանի փոխանցմամբ՝ նախոդ երկու տարվա մեջ քննություն է հանձնել շուրջ 2000 տնօրեն, իսկ հավաստագիր է ստացել նրանց 1/3-ը:

ԿԳ նախարարի խոսքով. «Ոմանք հույս ունենին, որ խաղուպարով կարող են հանձնել քննությունները, սակայն տեսան, որ զարտուղի ճանապարհներով քննությունները ստանալու հնարքները չեն ստացվում եւ մեզանից հիասթափվեցին ու գնացին»:

Արմեն Աշոտյանը փաստեց, որ գյուղական մի շարք դպրոցներում առկա   են կադրային խնդիրներ. «Օրինակ՝  հայտարարվում են մրցույթներ, սակայն թեկնածուներ չեն առաջադրվում: Լինում են դեպքեր, երբ թեկնածուների բացակայության պատճառով գյուղական դպրոցի նույն տնօրենը զոռով-շառով ստանում է քննությունը: Խնդրի նկատմամբ ուշադիր ենք եւ հավաստագիր ունեցող երեւանաբնակ տնօրենների թեկնածուներին հորդորում ենք առաջադրվել մարզային դպրոցներում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031