Դեռ մի քանի օր առաջ էր, որ կադրեր հայտնվեցին, թե ինչպես են մի խումբ լակոտիկներ «կայֆավատ» լինում Չարենցի վրա։ Ով ինչ ուզում է ասի, բայց իմ գլխում չի տեղավորվում, թե ոնց կարող է որեւէ հայ դիտավորյալ վնասել Ֆրունզիկի կամ Չարենցի արձանը։ Բայց ինձ բավականին զարմացրեց իմ ընկերների մի մասի արձագանքն այս պատմությանը։ Յանի, ի՞նչ աղմուկ-բան եք բարձրացրել, շատ ավելի ահավոր բաներ են եղել ու լինում են մեր երկրում՝ մարտի մեկ է եղել, հանքարդյունաբերությունը սրընթաց տեմպերով վարի է տալիս Հայաստանի բնությունը եւ այլն, բայց մարդիկ կան, որոնք այդ ամենի կապակցությամբ ձայն չեն հանում, իսկ արձանի վնասման շուրջ աղմուկ են բարձրացնում: Առաջին հայացքից հասկանալի հակաարձագանք է, բայց, ըստ իս, ի վերջո՝ անընդունելի։
Նախ՝ չեմ կարծում, որ ճիշտ է սեփական արձագանքը որեւէ երեւույթի նկատմամբ պայմանավորել այլոց արձագանքով, առավել եւս՝ այնպիսիների արձագանքով, որոնք անտարբեր են մնացել մարտի մեկի դեպքերի նկատմամբ։ Երկրորդ՝ մարտի մեկն աննախադեպ է մեր նորագույն պատմության մեջ եւ այդ առումով համեմատելի է միայն 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգության հետ։ Եթե այդ երկու ողբերգություններով չափենք, ապա երկրորդական է դառնում մնացած ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում։ Ասենք, պետք չէ բարձրաձայնել նույն բնապահպանական խնդիրները, պետք չէր արձագանքել Հարսնաքարում տեղի ունեցածին, բանակում տեղի ունեցող անօրինական դեպքերին եւ այլն, որովհետեւ, համեմատած մարտի մեկին իրականացված սպանդի հետ, դրանք բոլորն այդքան սարսափելի ու կարեւոր կարող են չթվալ։ Մի բան էլ կա։ Որքան էլ զարհուրելի եւ աննախադեպ է մարտի մեկին տեղի ունեցածը, այնուամենայնիվ՝ բացատրելի է: Ցանկացած իշխանություն էլ, որն իր ձեռքում կենտրոնացրել է երկրի տնտեսական եւ քաղաքական հիմնական ռեսուրսներն ու լծակները, պատրաստ է ամեն գնով պաշտպանել սեփական ունեցվածքն ու իշխանությունը, եւ այդ պատրաստականությունը սահմանափակվում է միայն ներքին՝ հասարակական եւ արտաքին զսպիչներով։ Եթե չլինեին այդ սահմանափակումները, մերոնք էլ ոչ թե 10, այլ 1000 հոգի էլ կգնդակահարեին։ Բացատրելի է եւ նորույթ չէ նաեւ բնության գիշատիչ շահագործումը։ Նախ դա էլ բնորոշ է գրեթե ցանկացած բռնատիրական հասարակարգի, որին հասարակությունն ի զորու չէ կառավարությանը պարտադրել բնական հարստությունների շահագործման ավելի թանկ՝ բնապահպանական լուրջ մեխանիզմներ ընդգրկող ձեւեր, երկրորդ՝ Հայաստանում վերջին 100 տարվա մեջ բնությունը գոեթե միշտ էլ անխնա շահագործվել է (չհաշված, իհարկե, այն փաստը, որ Սովետական Հայաստանի պատմության վերջին փուլում որոշ սահմանափակումներ, այնուամենայնիվ, մտցվել են): Բայց ահա Ֆրունզիկի եւ Չարենցի արձանների նկատմամբ կատարված ոտնձգություններն, իմ կարծիքով, որոշակի նորույթ պարունակում են եւ բացատրության կարիք ունեն։ Ճիշտ է, կարելի է վերհիշել արձանների անարգման մի քանի դեպքեր, որոնք մեզանում տեղի են ունեցել։ Բայց խնդիրն արձանները չեն, որոնք միգուցե իրոք հաջող չեն, այլ այն, որ ցայսօր դժվար էր պատկերացնել, որ որեւէ հայ կարող է անարգանքով վերաբերվել Ֆրունզիկ Մկրտչյանի կամ Չարենցի նման մշակութային դեմքերին։ Եվ երկրորդ՝ տվյալ դեպքում խնդիրն արդեն իշխանությունը չէ, այլ հասարակությունը։ Որքան էլ եղածի անուղղակի պատասխանատվությունը փորձենք գտնել երկրում տիրող ընդհանուր մթնոլորտում, սակայն, անմիջական կապ երկրի կառավարման ձեւի եւ լակոտության տվյալ դոսեւորման մեջ տեսնելը շատ շտապողական կլիներ:
Ուստա Հրանտ
«Հայկական ժամանակ»