Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին պատգամավորի գործով վկան չի հիշում «տոկոսի չափսը»

Հոկտեմբեր 02,2012 10:47

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր շարունակեց Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Սամսոն Ղազարյանն այսօր էլ միայնակ էր, քանի որ պաշտպանը ըստ նախագահողի, դիմել էր դատարան, հայտնելով, որ հրաժարվել է Սամսոնի պաշտպանությունը իրականացնել:

Պատճառաբանության հիմքում երկու փաստարկ էր նշել. ծանրաբեռվածությունը մեկ այլ քրեական գործով, եւ՝ Սամսոն Ղազարյանի հետ պայմանագիր չունենալը:

Երկրորդ անգամ դատարան էր ներկայացել Պաշտպանության նախարարության աշխատակից Ավագ Հարությունյանը: Սամսոն Ղազարյանն սկզբում առարկեց, որ առանց պաշտպանի լսեն վկային, ապա համաձայնեց:

Վկան ասաց, որ պատմաբան Համլետ Գեւորգյանն իրեն ասել է, որ Սամսոն Ղազարյանը տոկոսով գումար է տվել տուժող Մեխակ Գաբրիելյանին: Երբ Մեխակը գնացել է, որպեսզի Սամսոնի գումարը մարի, նա պահանջել է այլ գումար: Վկան Սամսոն Ղազարյանին տեսնում էր դատարանում, չի ճանաչել, իսկ նրա մասին հեռակա գիտեր ղարաբաղյան շարժման ժամանակ:Վկան նախկին Գերագույն Խորհրդի մեկ այլ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանին էլ առաջին անգամ տեսել է երկու ամիս առաջ՝ Համլետ Գեւորգյանի մոր հուղարկավորության ժամանակ:

Սամսոն Ղազարյանի հարցին, թե արդյոք վկան հավատո՞ւմ է Համլետ Գեւորգյանի պատմածներին, պատասխանեց, որ շահ չունի չհավատալու, քանի որ տոկոսով գումար չի տվել Մեխակին եւ որեւէ առնչւթյուն չուներ երկուսի հետ: Այն հարցին, թե տոկոսի չափը որքա՞ն էր, վկան պատասխանեց, որ չի իմանում «տոկոսի չափսը»:

Սամսոն Ղազարյանի հաջորդ հարցին, թե գուցե Համլետը շա՞հ ուներ, վկան պատասխանեց՝ դոկտոր-պրոֆեսոր մարդ է, ինչ շահ կարող էր ունենալ: Սամսոն Ղազարյանն ասաց՝ «կոչման, գրքերի…»: Այստեղ չդիմացավ Մեխակ Գաբրիելյանի ներկայացուցիչը՝ Հրանտ Գեւորգյանը, որը հայտարարեց, թե պատմաբան Համլետ Գեւորգյանի հեղինակած գրքերը լույս են տեսել բացառապես արտերկրում գտնվող նրա ընկերների աջակցությամբ, որի հետ Մեխակ Գաբրիլյանը կապ չունի:

Այսօր բերման ենթարկելով դատարան պիտի ներկայանար Շանթ Հարությունյանը, սակայն դատարանը նրա մասին չհիշեց էլ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 12-ին: Սամսոն Ղազարյանը խոստացավ դատարան ներկայանալ նոր պաշտպանով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031