Իվանիշվիլի. «Ես իրագործել եմ իմ վաղեմի նպատակը»
Վրաստանի քաղաքական երկու հիմնական ուժերի առաջնորդները երկրում անցկացված խորհրդարանական քվեարկության ավարտվելուն պես հանդես են եկել հաղթանակ տանելու մասին հայտարարություններով՝ այսպիսով հիմք նախապատրաստելով քաղաքական լարված դիմադրության:
Երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը պաշտոնավարման ութ տարիների ընթացքում դեմ առ դեմ է կանգնել իր իշխանությանը նետած ամենալուրջ մարտահրավերին, ընտրությունների ավարտից հետո հադես գալով ազգային հեռուստատեսությամբ ասել է, թե իր գլխավորած «Միացյալ ազգային շարժում»-ը նվաճել է 150 տեղ ունեցող խորհրդարանում տեղերի մեծ մասը:
Ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլի սակայն, նույնպես ազգային հեռուստատեսությամբ, իր հերթին հայտարարել է հաղթանակ տանելու մասին:
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ նոր խորհրդարանում կստանանք առնվազն 100 տեղ: Ես իրագործել եմ իմ վաղեմի նպատակը», – ասել է Իվանիշվիլին՝ կանխատեսելով, որ «Վրացական երազանք» դաշինքը նվաճել է խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար տեղերի բավարար թիվը:
Վրաստանում իշխանության գլուխ կանգնած կուսակցության խոսնակ Գիորգի Խաչիձեի գնահատականների համաձայն, իշխող կուսակցության խորհրդարանական դաշինքի կողմից նվաճած տեղերի թիվը նվազել է առնվազն մեկ երրորդով՝ 119-ից հասնելով 80-ի: Խաչիձեի կանխատեսումների համաձայն, ընդդիմությունը փորձելու է խորհրդարանում մեծամասնություն կազմել:
Վրաստանում երկուշաբթի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևել է օտարերկրյա ավելի քան 400 դիտորդ: Սպասվում է, որ երեքշաբթի օրը դիտորդների հրապարակվելիք հաշվետվությունները մեծ ազդեցություն կունենան այն բանից վրա, թե արդյոք երկրի քաղաքացիները որպես արդար կընկալեն անցկացված ընտրությունները:
Ընտրատարածքներից դուրս եկողների՝ «էքզիթ-փոլ»-երի հարցումների արդյունքների ճշգրիտ լինելու դեպքում ընդդիմությունը կստանա ձայների, իսկ իշխող կուսակցությունը՝ խորհրդարանական տեղերի մեծամասնությունը: Որոշ վերլուծաբանների համաձայն, նման արդյունքը կարող է հանգեցնել Վրաստանում իրավիճակի ապակայունացման:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»