Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ հնարավոր է՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի վերանայման կարիք լինի: Ըստ կարգավորչի՝ առայժմ պարզ չէ Հայաստան առաքվող ռուսական գազի գինը սահմանին։
«Ես դժվարանում եմ հիմա որևէ բան ասել, քանի որ մի շարք հարցեր դեռևս պարզ չեն»,– ասել է նա՝ նշելով, որ պարզ չէ Հայաստան առաքվող ռուսական գազի գինը սահմանին, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են: «Վերանայման կարիք կլինի: Սպասենք, թե լիցենզավորված ընկերությունը ինչ հայտ կներկայացնի»,– ասել է նա:
«Օրակարգին» «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայությունից ասացին, որ ընկերությունը դեռևս չի պատրաստվում հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերջնական սպառողների համար գազի գինը վերանայելու համար։
«Օրակարգի» վերլուծությունները ցույց են տվել, որ Հայաստան առաքվող ռուսական գազի գինն արդեն բարձրացել է այս տարվա առաջին կիսամյակում, ինչի մասին վկայում են Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։
Այսպես՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան առաքված ռուսական գազի մաքսային արժեքը կազմել է $219/1000 խմ, այնինչ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շարունակում է պնդել, որ գազի գինը մնացել է անփոփոխ և կազմում է $180՝ 1000 խմ-ի դիմաց։
Կարդացեք նաև
Ըստ «Օրակարգի» աղբյուրների՝ կառավարությունը գաղտնի է պահում գազի թանկացման փաստը, քանի որ նախատեսում է ռուսական գազի գնի փոփոխությունը սուբսիդավորել «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդում» իր 20% մասնաբաժնի մի մասի փոխանցման ճանապարհով։ Այդ եղանակով կառավարությունը ցանկանում է մինչև նախագահական ընտրությունները՝ 2013թ. փետրվարը, կանխել վերջնական սպառողների համար սակագնի փոփոխությունը։
Հաշվի առնելով նախորդ տարվա ծավալները և այս տարվա առաջին կիսամյակի միտումները՝ մինչև 2013թ. ապրիլի 1-ը փոխհատուցման համար կառավարությանն անհրաժեշտ է լինելու ընդհանուր առմամբ $90 մլն, որից այս տարվա համար՝ $54 մլն։ Հաշվարկներից երևում է, որ կառավարությունն ամբողջովին կարող է փոխհատուցել այդ գումարները՝ «Գազպրոմին» հանձնելով «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժնի մոտ 12%-ը։ Արդյունքում պետության մասնաբաժինը կնվազի մինչև 8%:
CIVILNET