Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Սարգսյանը Սահակաշվիլի երբեք չի դառնա»

Հոկտեմբեր 02,2012 00:09

Այսօր Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին  հարցրեց , թե ինչպե ՞ս է  գնահատում «Հանրապետություն»  կուսակցության առաջնորդ  Արամ Զավենի Սարգսյանի` նախագահ դառնալու շանսերը: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ից օրերս վերադարձած  քաղաքական այս գործիչը,  ստանալով Արևմուտքի հովանավորությունը, վերջնականապես որոշի առաջադրել  իր թեկնածությունը նախագահի պաշտոնում  և  դառնա հայերիս Սահակաշվիլին: «Բացարձակ չեմ կարծում, որ Արամ Սարգսյանին հաջողվի դառնալ Միխեիլ Սահակաշվիլի, որովհետև նա չունի ոչ այդ խարիզման, ոչ էլ այդ վարկանիշը մեր ազգաբնակչության մեջ: Սահակաշվիլին լրիվ այլ քաղաքական դասեր անցած անձնավորություն է, նա իր երիտասարդ  տարիքում կարողացավ բավական բարձր պաշտոններ ստանձնել իր  երկրում`ընդհուպ մինչև արդարադատության նախարար, և նա եղավ այն քաղաքական գործիչը, ով,  ուրանալով իրեն իշխանության հասցրած մարդուն, կարողացավ նրան գահընկեց անել և ամբողջությամբ գլխիվայր  փոխել Վրաստանի քաղաքական համակարգը: Մենք,  ցավոք սրտի, դեռ այդպիսի քաղաքական գործիչ չունենք,առավել ևս Արամ Զավենի Սարգսյանը բացարձակ  հարմար թեկնածու չէ: Իհարկե, նա էլ է զբաղեցրել բարձր պաշտոն, բայց դա ոչ թե նրա վաստակն էր, այլ հայտնի քաղաքական իրադարձությունների հետևանք», -ասում է քաղաքագետը:

Ըստ մեր զրուցակցի, Միխեիլ  Սահակաշվիլին չուներ իրեն կաշկանդող անցյալ, մինչդեռ Արամ Սարգսյանի ընտանիքը  մտերմություն ունի կառավարության անդամների հետ, և առհասարակ նրան կաշկանդող   հանգամանքները շատ են:  «Բնականաբար իշխանությունները կկարողանան այդ ամեն նրա դեմ  օգտագործել, եթե վերջինս փորձի «անկախ» խաղ վարել: Եվ հետո չմոռանանք, որ հայ  հասարակությունը արևմտամետ չէ, մեր ժողովրդի մեջ  կա մի կարծրացած կարծիք, որ եթե չլինի ռուսը, ուրեմն  Հայաստանը գոյություն չի ունենա: Հենց այստեղից է գալիս, որ արևմտամետ ուժերը այդքան  էլ մեծ հաջողություններ չեն կարող ունենալ մեր երկրում: Երկրորդ խնդիրն այն է , որ Արամ Սարգսյանը պետք է հանդես գա որպես ընդդիմություն, մինչդեռ հարց է` բոլո՞ր ընդդիմադիր ուժերն են համաձայն Արամ Զավենի Սարգսյանին պաշտպանել այդ գործընթացում: Ինձ թվում է շատ քչերը, իշխանական ուժերին պառակտելը շատ դժվար կլինի, որովհետև իշխանական ուժերը սնվում են գործող համակարգից: Այ ընդդիմությունը, որը  ձգտում է իշխանության, և որի  մեջ է նաև նույն Արամ Զավենի Սարգսյանը, պետք է կենտրոնաձիգ մի օրգան ստեղծի, որպեսզի մեկ թեկնածուով հանդես գա: Իսկ այստեղ մենք տեսնում ենք տարբեր վարկածներ,  տարբեր մարդկանց անուններ, արդեն 5-6 հոգու անուն տալիս են, որոնք ընդդիմության կողմից պետք է առաջադրեն իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններում: Դա հանգեցնում է  նրան, որ ընդդիմության ձայները փոշիանում են. 5-6 թեկնածուն Հայաստանի նման  փոքրիկ երկրի,  ընդիմադիր դաշտի համար շատ մեծ թիվ է , ամենաշատը պետք է լիներ երկու թեկնածու», -կարծում է քաղաքագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031