Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որևիցե մեկին պետք էր զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից,ապա Վարդան Օսկանյանը կարող էր լինել ամենավերջինը»

Հոկտեմբեր 01,2012 23:41

Այսօր Aravot.am –ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կանխատեսմամբ, ԱԺ-ն կբավարարի՞ արդյոք գլխավոր դատախազի պահանջը` կզրկի՞  Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից: «Այստեղ երկու տարբերակ կա, սա կարող է  լինել նախագահի կողմից որպես  նախազգուշացում  «Բարգավաճ Հայաստանին», այդ ժամանակ կարծում եմ   Հանրապետական կուսակցությունը կհրահանգի իր պատգամավորներին կամ չմասնակցել այդ գործընթացին կամ ձեռնպահ մնալ: Իսկ եթե  Հանրապետական կուսակցության ղեկավարության  ցուցումով  ՀՀԿ-ական պատգամավորները  զրկեն նրան անձեռնմխելիությունից, ապա կարծում եմ, որ Վարդան Օսկանյանից առաջ երկու-երեք տասնյակ պատգամավորներ  կան, որոնք արժանի են պատգամավորական իրավունքից  զրկվելու:

Նրանք,  խախտելով Սահմանադրության ԱԺ-ին վերաբերող  այն կետը, ըստ որի հանրապետության ոչ մի պատգամավոր  չպետք է զբաղվի ձեռներեցությամբ, թերթերը  գրում են, թե որ գործարանը, որ  կոնցեռնը որ պատգամավորին է  պատկանում, հենց սա տալիս է հնարավորություն, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը  բարձրացնի այդ պատգամավորների  լիազորությունների դադարեցման հարցը, ոչ թե անձեռնխելիության, այլ ընդհանրապես  պատգամավորական իրավունքից զրկելու  հարցը: Մենք շատ  լավ գիտենք` ով ով է,  ես անուններ չեմ ուզում նշել, բայց եթե հանկարծակի որևիցե  մեկին պետք էր զրկել պատգամավորի  անձեռնմխելիությունից կամ լիազորությունից, ապա ամենավերջիններից մեկը պետք է  լիներ  Վարդան Օսկանյանը: Նա մտնում է   կրթված այն քիչ պատգամավորների  ցանկի մեջ ,  որոնք իրոք կարող են օրենսդրական գործունեությամբ  զբաղվել: Առավել ևս ես գտնում եմ, որ Վարդան Օսկանյանի ներուժը պետք է օգտագործվեր  պառլամենտական  դիվանագիտության մեջ, իրեն պետք է մտցնեին պառլամենտի արտաքին  կապերի ոլորտի մեջ` կոնկրետ Ղարբաղյան հարցի պահով,  հայ-թուրքական հարաբերություններ պահով, ինքը ավելին գիտի, և ավելին  կարող է ներկայացնել միջազգային հանրության մեր գործընկերներին, թեկուզև մեր ոչ  բարյացակամ հարևաններին ու պետություններին»:

Ըստ  Գագիկ Համբարյանի,  ԲՀԿ-ական պատգամավորին  անձեռնմխելիությունից զրկելու  պահանջը   ոչ այնքան ուղղված է   Վարդան Օսկանյանի` նախագահի թեկնածություն առաջադրելու  մտադրության դեմ, որքան ԲՀԿ-ի դիրքորոշման: «ԱԺ ընտրությունները շատ լավ ցույց տվեցին, որ Հանրապետական կուսակցությունը առանց  լայն կոալիցիոն  համագործակցության, ես  ոչ թե ի նկատի ունեմ ՀՀԿ գումարած ՕԵԿ, այլ  ի նկատի ունեմ ավելի լայն համագործակցություն,  չի կարողանա Սերժ  Սարգսյանին նախագահ ընտրել, որովհետև ԱԺ ընտրությունների ժամանակ 44 տոկոս ձայն հավաքեց Հանրապետական կուսակցությունը, բայց դա չի նշանակում, որ նախագահական ընտրություններում էդքան մարդ կքվեարկի Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին: Շատ դեպքերում ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցությանը ընտրած մարդիկ կարող են ձայն չտալ Սերժ Սարգսյանին, դրա համար նա պետք է ավելի լայն կոալիցիա կազմի, որպեսզի դյուրին անցնի հենց առաջին փուլով: Իսկ եթե ԲՀԿ-ն նրա կողքին չկանգնեց,  ինքը շատ մեծ դժվարություն կունենա առաջին փուլով նախագահ վերընտրվելու համար»,- ասում Գագիկ Համբարյանը:

Ըստ քաղաքագետի, մենք ապրում ենք այնպիսի մի երկրում,  որի   քաղաքական գործիչներից  և ոչ մեկը «մաքրամաքուր» անցյալ չունի, այնպես որ եթե  իշխանությունները ցանկանան պրպտել  որևիցե մեկ քաղաքական գործչի   անցյալը, ապա հեշտությամբ կարող են  մի սև բիծ կամ մութ էջ գտնել . «Ասեմ, որ մեր հանրապետությունում  ծավալվող գործողությունները և Սերժ  Սարգսյանի վերջին ելույթները. նախագահի կողմից կառավարության անդամների կշտամբումը` սկսած հայտնի ատկատներից վերջացրած  առողջապահական ոլորտի քննադատությամբ, ցույց են տալիս, որ երկրի նախագահն պատրաստվում է փետրվարին կայանելիք նախագահական ընտրություններին, իսկ  Վարդան Օսկանյանի  գործը կարելի է ասել ելույթների շարունակություն գործերից է» :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031