Լրահոս
Օրվա լրահոսը

Բումերանգի կանոնը Օսկանյանի դեպքում էլ գործեց

Հոկտեմբեր 01,2012 23:43

Մի առիթով արդեն գրել եմ, որ 1991 թվականից լուսաբանելով Հայաստանի քաղաքական կյանքը` տեսել եմ դիրքորոշումների եւ գաղափարների 180 աստիճանով շրջադարձեր, ուստի կասկածով ու փոքր ինչ վերապահությամբ եմ վերաբերվում դրանց մասին հայտարարություններին: Բայց միակ սկզբունքը կամ կանոնը, որին հավատում եմ անվերապահորեն` «բումերանգի կանոնն» է, թե շպրտածդ վերադառնալու եւ խփելու է ճակատիդ:

Բումերանգի կանոնն էլի գործեց: Այ, քիչ առաջ դիտեցի, թե Վարդան Օսկանյանն ինչպես է «Ուրվագծի» տաղավարում բողոքում, թե հեռուստաընկերությունների մի մասը ԱԺ նիստը, որտեղ քննարկվում էր իրեն որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու միջնորդությունը՝ ներկայացնում են միայն իրենց հաճո տեսանկյունից և նույնիսկ խնդրի կենտրոնում հայտնված մարդուն եթեր չեն տրամադրում:

Ու հիշում եմ, թե 2002 ապրիլի 2-ից հետո, երբ «Ա1+»-ն անարդարացիորեն զրկվեց եթերից՝ ինչպես ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանում չկան խոսքի ազատության խնդիրներ: Ես էի հարց ուղղել, թե արդյոք «Ա1+»-ի եթերազրկումից հետո միջազգային կառույցների բացասական արձագանքները չե՞ն դժվարացնի մեր արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքը:

Եվ այն ժամանակ վիճակն ավելի վատթար էր: Հիմա դեռ, փառք Աստծո, գոնե կա մեկ-երկու հեռուստաընկերություն, որտեղ պրն Օսկանյանը կարող է անխաթար ասել իր խոսքը, բազմաթիվ կայքեր ու սոցիալական ցանցերը համակողմանի ներկայացնում են այս ողջ գործընթացը եւ այլն:

Թեեւ որոշ բաներ կան, որ ավելի լավ էր չլուսաբանվեին՝ հերթական անգամ չհաստատելու համար, թե ցինիզմն էլ կարող է սահմաններ չճանաչել: Չգիտեմ, թե ուրիշ ինչ այլ կերպ կարելի է բնութագրել երեւույթը, երբ ոչ հեռավոր անցյալում Ռոբերտ Քոչարյանի թիմի ներկայացուցիչները, նաեւ ինքը՝ Վարդան Օսկանյանն այժմ փաստարկ են ներկայացնում, թե Հայաստանի եւս մի նախկին ԱԳ նախարարի փողերի լվացման մեղադրանք ներկայացնելով, այսպես ասած, լեզու ենք դնում ադրբեջանցիների ու թուրքերի բերանը: Ինչ որ չեմ հիշում, որ երբ Ալեքսանդր Արզումանյանին այդ մեղադրանքն առաջադրվեց Քոչարյանի իշխանության օրոք՝ նրա թիմից որեւէ մեկն այդ կապակցությամբ հրապարակավ գոնե մի թեթեւ ծպտուն հանած լիներ:

Լավ, այսքանով սահմանափակվենք: Քանի որ, մեղմ ասած, առանձնապես հաճելի էլ չէ այս ամենի մասին հիշեցնել այնժամ, երբ ՀՀ քրեական օրենսգիրքը հերթական անգամ գործադրվում է զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Թեեւ նախադեպերը հաշվի առնելով՝ պրն Օսկանյանի վիճակն այս առումով դեռ էլի անհամեմատ բարվոք է: Գլխավոր դատախազի ԱԺ-ում բոլոր նախկին հայտնություններից եւ ոչ մեկում չեմ հիշում, թե այսքան հավաստիացումներ հնչեին, որ եթե թույլ տան իբրեւ մեղադրյալ ներգրավել՝ հաստատ չեն կալանավորելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031