ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել էր, որ ինքն ազատ մարդ է եւ միշտ էլ ազատ է եղել: Եվ հարցին՝ կարող ենք մտածել, որ երբեէ կարող եք նաեւ կո՞ղմ քվեարկել Հանրապետականի նախագծերին՝ նա պատասխանել էր. «Իհարկե, ժամանակը կգա՝ կտեսնեք, ինչի՞ եք զարմանում»: Այս զրույցը պարոն Մարգարյանի հետ եղել էր կառավարության ծրագրի քվեարկությունից հետո, երբ հարցեր առաջացան՝ նա կո՞ղմ էր քվեարկել այդ ծրագրին, տեղի տալով ՀՀԿ-ի հետ իր կապերին, թե՞ ենթարկվել էր խմբակցության որոշմանը, քանի որ, ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններին նա ստացել էր ՀՀԿ-ի աջակցությունը՝ թիվ 11 ընտրատարածքում:
Բնական է, որ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկության դեպքում նույն հարցը պետք է առաջանար՝ ինչպե՞ս է քվեարկելու պարոն Մարգարյանը՝ հատկապես, որ նա ԲՀԿ կուսակցության անդամ չէ եւ նախկին ՕԵԿ-ական է: Երբ այսօր ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի կազմակերպված ցույցի մասնակիցները ծափերով դիմավորեցին պարոն Մարգարյանին՝ Aravot.am-ը փորձեց այնուամենայնիվ ճշտել՝ ինչպե՞ս եք քվեարկելու, պարոն Մարգարյան: Վերջինս պատասխանեց. «Ի՞նչ հարց եք տալիս: Դուք մոռանո՞ւմ եք` ես որ ֆրակցիայից եմ, մի հատ ճշտեք»:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նույն հարցին ի պատասխան վստահեցրեց, որ ինքը քվեարկելու է իր խղճի համաձայն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև