Վրացական ինչպես ընդդիմադիր, այնպես էլ պրոիշխանական հեռուստաալիքների անցկացրած էքզիթ-փուլերի տվյալներով` Վրաստանում կայացած պառլամենտական ընտրություններում հաղթում է Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած ընդդիմադիր կոալիցիան` «Վրացական երազանքը»:
Այս կուսակցության խոսնակ Չիորա Տակտակիշվիլին վրացական հեռուստաէկրաններից հայտարարել է.«Մենք վստահ հաղթանակ ենք տարել 73 միամանդատ շրջաններից 53-ում»: Նրա խոսքերով` կուսակցական ցուցակներով` նախագահի կուսակցությունը գրեթե նույնպիսի արդյունք է տվել, ինչպես իրենցը` Իվանիշվիլիի բլոկը:
Վրաստանի խորհրդարանում 150 պատգամավորական տեղ կա, որից 77-ը ընտրվում են կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը` միամանդատ շրջաններով: Սահակաշվիլու կուսակցությունը պնդում է, որ միամանդատ շրջաններում առաջատարն է:
Վրաստանում տեղական ժամանակով ժամը 20:00-ին ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները: Երկրի տարածքում բացվել էին ավելի քան 4000 ընտրատեղամասեր, ընտրողների ցուցակներում ավելի քան 3,5 միլիոն մարդ է հաշվարկվում: Ըստ Վրաստանի ԿԸՀ տվյալների` ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցողների 54 տոկոսը:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր «Ընտրողների լիգա» կազմակերպության տվյալներով` Իվանիշվիլիի բլոկը հավաքել է ձայների 70,24 տոկոսը, այն դեպքում, երբ Սահակաշվիլու կուսակցությունը արժանացել է ընդամենը 24,66 տոկոս ձայների: «Մաեստրո» հեռուստաընկերության էքզիթ-փուլն էլ է ընդդիմությանը վստահ հաղթանակ տալիս` 63 տոկոս, եւ Սահակաշվիլու կուսակցությանը` ընդամենը 27 տոկոս:
Ըստ lenta.ru-ի