Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Դատախազությունը պետք է բավարար ապացույցներ ունենա, հակառակ դեպքում սա իրենց պարտությունը կլինի»

Հոկտեմբեր 01,2012 21:08

«ԱԺ-ում բավականին լարված եւ  հետաքրքիր քնարկում է ընթանում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի հետ կապված:  Այդ լարվածությունը եւ քննարկումների տրամաբանությունը բնական է, որովհետեւ բոլորն էլ ուզում են հասկանալ՝ ի վերջո ո՞վ է ճիշտ: Բայց այդ «ո՞վ է ճիշտը» ոչ ելույթներով են ապացուցում, ոչ էլ հարցադրումներով եւ քննարկումներով, ոչ էլ ինչ-որ բաներ հիշեցնելով անցյալից ներկայից, կամ ապագայի մասին ինչ-որ բաներ ասելով: Ճիշտը եւ իրականությունը ապացուցվում է միայն իրավական հարթությունում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նրա խոսքերով՝ «Ես հուսով եմ եւ ուզում եմ հույս ունենալ, որ Վարդան Օսկանյանն իր անմեղությունը կապացուցի հենց իրավական հարթությունում: Կարծում եմ, այս միջնորդագիրը, որ ներկայացրել է գլխավոր դատախազը, հենց այդ նպատակն ունի, որովհետեւ, եթե կողմ քվեարկվի միջնորդագրին եւ պարոն Օսկանյանը անձեռնմխելիությունից զրկվի, դա բոլորովին չի նշանակում, որ պարոն Օսկանյանը պիտի կալանավորվի: Դա բոլորովին ուրիշ պատմություն է, եւ արդեն ուրիշ միջնորդագրով պիտի ներկայանա դատախազությունը»:

Մեր հարցին՝ համաձա՞յն եք ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն գնահատականի հետ, որ իրենց վերջին համագումարից հետո պարբերաբար ականատես են լինում նման գործելաոճի՝ Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Ոչ, համաձայն չեմ, որովհետեւ ես միշտ դեմ եմ եղել իրավական խնդիրները քաղաքականացնելուն: Եթե հիմա այսօր ասվում է, որ հարցը քաղաքականացված է, ինքս չեմ տեսնում: Մենք այսօր տեսանք դահլիճում, որ այդուհանդերձ, կա խնդիր: Այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է, եւ հանկարծ դատախազությունը միջնորդագիր ներկայացրեց: Էլի եմ կրկնում, ես հույս ունեմ, որ պարոն Օսկանյանը արդեն իրավական հարթության վրա կապացուցի իր անմեղությունը: Ես ուղղակի ուզում եմ այդպես լինի: Կարծում եմ,  այստեղ առաջին հերթին անելիք ունի դատախազությունը եւ իրավական համակարգը: Եթե նման մեղադրանքով ներկայանում են ԱԺ, ուրեմն իրենք պիտի բավարար  ապացույցներ ունենան՝ ներկայանալու համար: Հակառակ դեպքում սա իրենց պարտությունը կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031