Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթը ԱԺ-ում

Հոկտեմբեր 01,2012 21:02

«Ժամեր անց, ամենայն հավանականությամբ, այս խորհրդարանը կբավարարի դատախազի միջնորդությունը: Մեծ հաշվով, այդ միջնորդությունը բավարարվել է դեռևս մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակմամբ:

Այս պայմաններում չկա ոչ քաղաքական, ոչ բարոյական իմաստ` կոչ անել մերժել միջնորդությունը:

Այնուհանդերձ՝ կան մի քանի կետեր, որոնց վրա նույնիսկ այս պայմաններում պետք է բոլորի ուշադրությունը հրավիրել: Գոնե այն պատճառով, որ հետո չասենք՝ չէինք գիտակցում:

Մոտ 10 տարի Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի, Թուրքիայի, և միջազգային հանրության հետ որպես արտգործնախարար բանակցել է Վարդան Օսկանյանը: Դրանից առաջ 2 տարի նույնը արել է Ալեքսանդր Արզումանյանը: Հիմա տեսեք՝ նորանկախ Հայաստանի կարճ պատմության ընթացքում 12 տարի մեր երկրի արտաքին գերատեսչությունը ղեկավարած անձանց մեր իշխանությունները մեղադրում են փողերի լվացման ՝ միջազգային չափանիշներով ծանրագույն հանցագործության մեջ:

Ավելի մեծ նվեր Ադրբեջանին և Թուրքիային տալ հնարավոր չէ: Եվ այդ նվերը նրանց անում է Հայաստանի իշխանությունը: Պատկերացնում եք պետության լրջության աստիճանը, որի հաջորդական երկու արտգործնախարարները մեղադրվում են փողերի լվացման մեջ: Փակ քվեարկությունից առաջ՝ խնդրում եմ պատկերացնել:

Մեկ րոպե անգամ չկասկածեք՝ ամենամոտ ապագայում Ադրբեջանը միջազգային հանրությանը ասելու է. «Ում հետ ենք մենք բանակցում: Մենք բանակցում ենք մի երկրի հետ, որի 12 տարի աշխատած երկու արտգործանախարարները հենց նույն երկրի իշխանությունների կողմից մեղադրվում են միջազգային ծանր հանցագործությունների մեջ»: Ստացվում է, որ Ղարաբաղի, հայ-թուրքական և մյուս կարևորագույն թեմաների շուրջ մեր երկրի անունից երկար տարիներ բանակցել են ծանր հանցագործնե՞րը:

Մի քանի շաբաթ առաջ մենք փաստում էինք, որ Սաֆարովի դեպքից հետո մեր երկիրը կարող է հայտնվել շահեկան վիճակում: Բայց դրա համար պետք էին ճշգրիտ քայլեր: Պետք էր պահը ճիշտ օգտագործել: Փոխարենը այսօր մենք մսխում ենք այդ հնարավորությունը: Մարդուն, որը 10 տարի Ղարաբաղի խնդրով մեր երկրի հիմնական բանակցողն էր, մենք քաղաքական փոքր նպատակների համար մեղադրում ենք նման հանցագործության մեջ: Այս նիստից հետո Ադրբեջանն անմիջապես արձանագրելու է այս փաստը: Իսկ ո՞վ է տալիս նրանց այդ հնարավորությունը․ միայն ու միայն մենք:

Մենք մինչև վերջ գիտակցո՞ւմ ենք , թե ինչ ենք անում:

Խոսքն ամենևին անպատժելիության մասին չէ․ հանցագործություններն իհարկե պետք է պատժվեն: Բայց եթե, ինչպես հիմա, հանցագործությունը պարզապես հորինվել է նախընտրական դիվիդենտներ հավաքելու նպատակով, ապա գոնե մի պահ մտածեք – արդյոք, դա շատ թանկ գին չէ, որ վճարելու է Հայաստանի Հանրապետությունն իր միջազգային հեղինակության՝ առանց այդ էլ նվազ պաշարներից:

Բոլոր իշխանություններն անցողիկ են, բայց կա պետական և ազգային շահ: Հիմա, իրոք, քաղաքական և անհատական պատասխանատվության պահն է:

Հենց այդ պատճառով, ես դիմում եմ ոչ կոալիցիոն ուժերին․ չմասնակցել այս քվեարկությանը: Տանք հնարավորություն՝ քաղաքական մեծամասնությանը, վերցնել այս քայլի ներկա և ապագա ողջ պատասխանատվությունը:

Հաջորդը, որի շուրջ կցանկանայի մեկ- երկու բառով հրավիրել ձեր ուշադրությունը:

Իմ խորին համոզմամբ, եթե երկրում չփոխվի մթնոլորտը, ապա դատախազը այսուհետ ավելի ու ավելի հաճախ է միջնորդություններով գալու խորհրդարան: Սա բնական է, երբ երկրի տնտեսությունը գահավիժում է, և պաշտոնական տվյալներով առաջին ութ ամիսներին միգրացիայի բացասական սալդոն մոտ 90 հազար է, ապա իշխանությունները պետք է անընդհատ և ամենուր փնտրեն « մեղավորների»: Սա դասական գործելաոճ է: Եվ ասեմ, որ միջնորդությունները լինելու են ոչ միայն դահլիճի այս՝ ոչ կոալիցիոն մասի համար: Այնպես որ փակ քվեարկության պահին, գուցե իրոք կա անհրաժ֊եշտություն այս մասին նույնպես մեկ վայրկյան մտածել:

Ես ավարտում եմ իմ խոսքը՝ դարձյալ դիմելով ոչ կոալիցիոն քաղաքական ուժերին՝ չմասնակցել քվեարկությանը»:

168.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031