Այսօր առավոտյան մի խումբ երիտասարդներ Մուշեղ Խաչատրյանի նախաձեռնությամբ ֆլեշմոբ էին կազմակերպել: Երիտասարդները մի քանի ժամ շարունակ Երեւանյան Մետրոպոլիտենի հինգ կայարաններում ծաղիկներ եւ կոնֆետներ էին բաժանում անցորդներին. «Նման ֆլեշմոբ իրականացվել է նաեւ Մոսկվայում: Երբ տեսա տեսագրությունը, որոշեցի, որ մեզ մոտ էլ պետք է նման ֆլեշմոբ իրականացնել: Ֆեյսբուքյան էջ բացեցի եւ հրավիրեցի ընկերներիս, այնուհետեւ կողքից եւս մարդիկ միացան»,-ասում է մտահաղացման հեղինակ, կազմակերպիչ Մուշեղ Խաչատրյանը: Նա չի հերքում, որ հաճախ աղջիկները հրաժարվում էին ընդունել ծաղիկները, ոմանք էլ կարծել էին, թե վաճառքի համար է արվում եւ փորձել են վճարել: «Հրաշալի գաղափար է եւ ինձ շատ դուր եկավ, երբ գնացքի դռները բացվեցին եւ մի երիտասարդ այս գեղեցիկ ծաղիկն ինձ նվիրեց: Սա փոքրիկ բան է, բայց եւս ուշադրություն է, որի կարիքը մենք բոլորս զգում ենք»,-ասում է 46-ամյա Գրետա Պողոսյանը:
Մուշեղը չի բացառում, որ առաջիկայում եւս հնարավոր է նմանատիպ ֆլեշմոբեր իրականացնել:
Քրիստինա Միրզոյան