Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանություն.«Պահանջում ենք` չխոչընդոտել քննության ընթացքը»

Հոկտեմբեր 01,2012 20:05

Օրեր առաջ բնապահպան ակտիվիստները որսագողության դեպք էին արձանագրել Խոսրովի արգելոցում: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ: Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքները սկսվեցին անհապաղ և ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին:

Եվ չնայած ոմանց թերահավատությանը, որ հանցագործությունը կբացահայտվի, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնոհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին, որսագողության դեպքը բացահայտվեց. 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանը խոստովանեց կատարվածը: Նրա կացարանից առգրավվեց զենք-զինամթերք և այլ իրեղեն ապացույցներ:

Թվում էր` բնապահպան ակտիվիստները պետք է գոհունակություն հայտնեին և աջակցեին իրավապահներին դեպքի բացահայտման գործում: Բայց տարօրինակ կերպով կատարվեց հակառակը…

Պարզվեց` նրանց ոչ սպանված կենդանիներն են հետաքրքրում, ոչ որսագողության բացահայտումը: Նույնիսկ որսագողությունը խոստովանած Նորիկ Սարգսյանը չի հետաքրքրում, ում զարմանալի եռանդով իրենց պաշտպանության տակ են առել: Բնապահպաններին, ըստ երևույթին, հետաքրքրում է աղմուկ բարձրացնելու հերթական հնարավորությունը` այս անգամ որսագողի «իրավունքները» պաշտպանելու «եղանակով». Սարգսյանը ներկայացվում է որպես անճար-անտեղյակ մեկը, որը ենթարկվում է ոստիկանական բռնությունների. ոստիկանները փորձում են մեղքը բարդել անմեղ մարդու վրա:

Մեր պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ Նորիկ Սարգսյանը ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից է, և փոքրիշատե իրազեկ մարդը պետք է իմանար, որ այդ ծառայությունն իրականացնում են ոստիկանության ՊՊԳՎ աշխատակիցները: Նորիկ Սարգսյանը ոստիկանության պետական պահպանության վարչությունում ծառայում է 2005 թվականից:

Կրկնում ենք` Նորիկ Սարգսյանը ոստիկանության ծառայող է, և որսագողության դեպքը կոծկելու համար ոստիկաններն իրենց ծառայակցին զոհաբերելու պետք չունեն, առավել ևս` դեպքը կոծկելու խնդիր չունեն: Նախաքննություն է ընթանում, որով վերջնականապես կպարզվի Սարգսյանի մեղավորության աստիճանը, իսկ բնապահպանների իրական շահագրգռությունները պարզվում են այսօր իսկ` նախաքննությանը խանգարելով:

Խորհուրդ ենք տալիս, խնդրում ու պահանջում ենք` չխոչընդոտել քննության ընթացքին, չխանգարել կատարվածի լիարժեք բացահայտմանը, հակառակ դեպքում բոլոր հիմքերը կունենանք ենթադրելու, որ ձեր խնդիրը բնապահպանությունը չէ, այլ անհիմն ու անհարկի լարվածություն ստեղծելը` միայն ձեզ հայտնի նպատակներով:

ՀՀ ոստիկանություն

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031