Սեպտեմբերի 30-ին Դոլգենզեե շտրասե 8 հասցեում գտնվող «Sewansee»(Սևանա լիճ) երեկույթներ կազմակերպող ընկերության նորակառույց շքեղ հանդիսավոր սրահում տեղի ունեցավ Բեռլինի Հայկական դպրոցի հերթական շնորհանդեսը՝ կապված դպրոցի եռամյա տարեդարձի, ինչպես նաև 2012/13թ.թ. ուսումնական տարին սկսվելու հետ: «Sewansee» ընկերության տնօրինությունը հանձինս պարոնայք Աշոտ Մանուկյանի և Վիկտոր Գերասիմյանի ջանք չէին խնայել առատաձեռն հյուրասիրությամբ և մեծ շուքով դիմավորելու պատվավոր հյուրերին, աշակերտներին և ծնողներին:
Երեկույթին մասնակցում էին Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Արմեն Մարտիրոսյանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը և թվով մոտ 100-ից ավելի հյուրեր: Շնորհանդեսին իրենց ելույթներով և գիտելիքներով զարմացրեցին դպրոցի 22 սաները: Հայերենի ուսուցչուհի տիկին Կարինե Քալաշյանն այս անգամ համակցել էր աշակերտների հանդիսավոր բեմադրությունը գիտելիքներ ստուգող հարցադրումների հետ, որոնք հենց դպրոցի սաների կողմից արքայի և նրա խորհրդականի երկխոսության ընթացքում սաները միմյանց էին ուղղում և ինքներն էլ ինքնաբուխ պատասխանում վերջիններիս: Հարցերի պատասխանները վաղօրոք չէին ներկայացված դպրոցի սաներին: Վերջիններս տարաբնույթ էին և կոչված էին ստուգելու սաների հայերենի քերականական, երկրագիտական և աշխարհագրական գիտելիքները:
Դպրոցի սաների կողմից «Էրեբունի-Երևան», «Կիլիկիա» և «Միացեք հայեր» երգերի կատարմամբ փաստորեն Սպենդիարյանի անվան ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի վաստակավոր մեներգիչ այժմ բեռլինահայ Արտակ Կիրակոսյանի կողմից հիմնադրվեց Բեռլինի հայկական դպրոցի երգչախումբը, որը պարբերաբար այսուհետև կգործի հայոց լեզվի և գրականության դասընթացներին համընթաց:
Ինչպես դպրոցի հիմնադիր պարոն Միքայել Մինասյանը իր բացման խոսքում նշեց, դպրոցում պարբերաբար հրավիրվող տարբեր հյուր-ուսուցիչների կողմից այսուհետև կդասավանդվեն նաև հայոց պատմություն, կրոն և հայ առասպելաբանություն առարկաները: Պարոն Մինասյանը իր խորին շնորհակալությունը հայտնեց ՀՀ դեսպանին, ԼՂՀ ներկայացուցչին և ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ դպրոցին մեթոդական նյութերով և դասագրքերով աջակցելու համար:
Կարդացեք նաև
Իր շնորհակալական ելույթում Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը իր ուրախությունը հայտնեց դպրոցի սաների հաջողությունների կապակցությամբ և հայեցի գիտելիքների ձեռք բերման մեջ ցանկացավ նրանց նորանոր հաջողություններ: Իսկ Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը շեշտեց սփյուռքում հայկական դասընթացների անցկացման դերն ու նշանակությունը հայապահպանության գործում՝ այն տեղայնացնելով Բեռլինի Հայկական դպրոցի օրինակի վրա:
Դպրոցի հիմնադիր՝ Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ