Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Հայկական պատվիրակությունը Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Ստրասբուրգ: Պատվիրակության ԲՀԿ-ական անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նստաշրջանում հայկական պատվիրակությանը կմիանան վաղը՝ հոկտեմբերի 2-ին:
Տեղեկացնենք, որ նստաշրջանի ընթացքում արտահերթ կքննարկվի նաև Ռամիլ Սաֆարովի հետ կապված խնդիրը: Այն կքննարկվի հոկտեմբերի 4-ին:
Իսկ այսօր՝ նստաշրջանի աշխատանքների առաջին օրը, ԵԽԽՎ կայքում հրապարակվել է հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցը ԵԽ նախարարների կոմիտեին: Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է, որ Թուրքիայի հայկական համայնքը մի զեկույց է պատրաստել ուղղված Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դենսերին: Այդ զեկույցով հայ համայնքը պահանջում է ազգային փոքրամասնությունների դպրոցներում ուսումնական գործընթացի հստակ կարգավորում: Հայ համայնքը պահանջում է վերացնել ազգային փոքրամասնությունների դպրոցներում թուրքական պետական սկզբունքների կիրառումը, ինչը կատարվում է 1970 թվականից սկսած: Հայ համայնքը նաև պահանջում է, որ ազգային փոքրամասնություններն իրենք ընտրեն թուրքերենի և Թուրքիայի պատմություն առարկաների ուսուցիչներին: Զ. Փոստանջյանը փաստել է, որ Ստամբուլում գործում են 14 հիմնական, 5 ավագ դպրոցներ և մեկ մանկապարտեզ, որոնք պատկանում են հայ համայնքին:
Ըստ Զ. Փոստանջյանի հարցի`Թուրքիայի հայ համայնքը պարզապես պահանջում է՝ որպես երկրի քաղաքացի՝ հավասարություն հաստատել քաղաքացիների միջև՝ որպես օրինակ բերելով այն փաստը, որ Թուրքիայում այլ ազգային փոքրամասնություններին պատկանող կրթական հաստատություններն ունեն ինքնակառավարման իրավունք: Տիկին Փոստանջյանին հետաքրքրել է, թե Նախարարների խորհուրդը ինչպե՞ս և ե՞րբ կարող է լուծում տալ նշված հարցին, ի՞նչ մեխանիզմներ կարող են կիրառվել՝ Թուրքիային պարտավորեցնել հարգել ազգային փոքրամասնությունների իրավունքները և հրաժարվել ազգային փոքրամասնությունների խտրականության քաղաքականությունից:
Կարդացեք նաև
ԵԽ նախարարների կոմիտեն պատվիրակության անդամի բարձրացրած հարցին այսպես է պատասխանել. «Երկրում կրթական համակարգի կազմակերպումը Թուրքիայի իշխանությունների իրավասության շրջանակներում է: Եվրոպայի խորհրդի տեսանկյունն այն է, որ կրթական համակարգի կազմակերպումը համաձայնեցված լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որի ներքո բոլոր անդամ երկրները պարտավորվել են ապահովել առանց խտրականության մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում նաև կրթություն ստանալու իրավունքը: Ձեր բարձրացրած հարցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշելու հարցն է, ոչ թե Նախարարների խորհրդի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ