Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանն առաջարկում է Հանթսմաններին կանչել Հայաստան

Հոկտեմբեր 01,2012 17:01

«Գրված է, որ գումարը թող լինի իր հայեցողությամբ, բայց Հանթսմանները չեն նշում, որ դա պետք է գնա Վարդան Օսկանյանի գրպանը: Իր հայեցողությամբ ասելով՝ չի նշանակում, որ Վարդան Օսկանյանը կարող է այն ծախսել անձնական կարիքների համար»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը ասաց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Նա վստահեցրեց, որ կան տեղեկություններ, ապացույցներ, որոնք այս պահին իրավունք չունի հրապարակել, քանի որ բանկային գաղտնիք է. «Երբ կմտնենք դատարան, կստանանք դատարանի համաձայնությունը, որոշումը, կարող ենք հրապարակային ներկայացնել բանկային գաղտնիքը: Ես որպես ՀՀ գլխավոր դատախազ կապահովեմ այդ գործի հրապարակայնությունը»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Վարդան Օսկանյանը կալանավորվի՝ պարոն Հովսեփյանը  պատասխանեց. «Առանց ձեր  համաձայնության Վարդան Օսկանյանը կալանավորվել չի կարող: Նրա կարգավիճակի վրա, բացի դատավարական կարգավիճակը, այլ փոփոխություններ չեն կատարվելու: Նա որպես պատգամավոր որեւէ սահմանափակումներ չի ունենալու, չի ունենալու նաեւ տեղաշարժման որեւէ  սահմանափակումներ»:

Վահան Հովհաննիսյանը հարց տվեց. «Խոսվեց փողի լվացման մասին, նախ պետք է փողը կեղտոտ լինի՝ այն լվալու համար: Նախադեպ նման գործի կա՞ մեր դատարաններում: Նման մեղադրանքով որեւէ մեկը երբեւեէ ներգրավվե՞լ է գործի մեջ, կա՞ դատավճիռ: Երկրորդ՝ ինչո՞ւ չեք հրավիրում, օրինակ, Հանթսմանների ընտանիքը հարցաքննության, որովհետեւ իրենց անունները բավականին հաճախ կրկնվում են ձեր զեկուցման մեջ: «Սիվիլիթաս» ֆոնդն ունի իր կանոնադրությունը: Այդ կանոնադրության մեջ կա՞ կետ, որին հակասում է այս վարկածը՝ Վարդան Օսկանյանը կարո՞ղ էր ինքը լինել շահառու, թե՞ ոչ: Ես չեմ տեսնում կանոնադրության մեջ այդ կետը: Մեր օրենքն ի՞նչ է ասում, վկան իրավունք չունի հրաժարվելու ցուցմունք տալուց, բայց մեղադրյալն ունի: Ի՞նչ է  փոխվում Վարդան Օսկանյանի կարգավիճակի փոփոխությունից: Եթե նորից հրաժարվի ցուցմունք տալ, ի՞նչ է լինելու»: Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ ոչինչ չի լինելու. «Վարդան Օսկանյանը, որպես մեղադրյալ օգտվելու է դատավարական իր իրավունքներից: Նա իրավունք կունենա ունենալու պաշտպան, ցուցմունք տալ»:

Հանթսմանների ընտանիքը կանչելու հետ կապված գլխավոր դատախազն ասաց, որ «չեմ կարծում, որ նախաքննության մարմինը Հանթսմանների ընտանիքը Հայաստան հրավիրելու կարիք ունի: Հանթսմաններին՝ Հայաստան հրավիրելու, թեկուզ դատավարության համար, այս պահին անհրաժեշտություն չկա: Ինչ վերաբերում է կա՞կանոնադրության մեջ կետ, որն արգելում է՝ իհարկե կա: Ոչ միայն պայմանագրում կա, այլ մենք ունենք ՀՀ օրենքը՝ հիմնադրամների մասին: Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների»:

Նախադեպ կա թե չկա՝ Աղվան Հովսեփյանը նշեց. «փողերի լվացման, փողերի օրինականացման 190 հոդվածի կիրառման պրակտիկա ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031