Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օսկանյանը Փաշինյանին խոստանում է իր սենյակում խոսել «Մարտի 1»-ից, Մեղրին Լաչինով փոխելուց ու ժամանակին իր սխալներից

Հոկտեմբեր 01,2012 16:53

Այսօր ԱԺ-ում Վարդան Օսկանյանը բացատրություններ տալիս նշեց. «Ես վիրավորված եմ ինձ զգում: Կարող է ինչ-որ հարցերում մարդ սխալվի: Ես հունիսի 1-ին ստանում եմ ԱԱԾ աշխատակիցներից մեկից հայց, «Սիվիլիթասի» աշխատակիցներից մեկը ծրարը բերում-տալիս է, ասում է՝ պարոն Օսկանյան, ձեզ փողերի լվացման գործով կանչում են ցուցմունք տալու»: Դիմելով Հովիկ Աբրահամյանին՝ պարոն Օսկանյանը նշեց. «Ես ինձ խաբված եմ զգում մեր հանդիպումից հետո: Դուք ինձ պետք է զանգեք, պարտավոր եք զանգել»

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Երբ հեռուստատեսությամբ լսեցի, թե ինչպիսի հեշտությամբ եք ասում, որ Հանթսմանը ձեզ  2 մլն դոլար է նվիրել, ես ուղղակի ապշեցի: 10 տարի արտգործնախարար լինելով՝ տիրապետել եք այնպիսի պետական գաղտնիքների, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի համար: Ձեր արտգործնախարար լինելու ժամանակ ԼՂՀ-ն  դուրս է մնացել բանակցային սեղանից: Ձեր՝ արտգործնախարար եղած ժամանակ եղել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու փաստաթուղթը: Լաչինն ու Քելբաջարը անվանում էիք օկուպացված տարածքներ, այդքանից հետո ինչ-որ մի հատ երկրից պարոն Հանթսմանը 2 մլն դոլար է նվիրում: Սա ի՞նչ է նշանակում: Կոռուպցիան հենց սա չէ՞ արդյոք, որի մասին խոսում ենք:  Ձեզ հիշեցնեմ, որ Ձեր իշխանությունը  մեզ մեղադրում էր, որ մենք արտասահմանից գումարներ ենք ստանում, որպեսզի երկիրը խարխլենք: Ձեր իշխանությունը դրանից հետո ոչ ներողություն խնդրեց հանրությունից, ոչ էլ անդրադարձավ դրան: Կարո՞ղ է մենք էինք Հանթսմանից 2 մլն դոլար ստացել: Իրավաչա՞փ է եղել ձեր գործողությունները մարտի 1-ին, 2008-ին, դատապարտո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանին, մարտի 1-ին ոստիկանության գործողությունները, ձեր գործողությունները՝ մարտի 1-ին: Պատրա՞ստ եք, արդյոք այդ նվիրատվության գումարները հատկացնել մարտի 1-ին զոհերի հարազատներին»:

Ի պատասխան՝ Վարդան Օսկանյանն ասաց. «Մեղրիում եղել եք՝ տեղում է: Իմ կողմից լավ դիվանագիտություն է եղել, մերը պահել եմ, 2 մլն բերել եմ Հայաստան: Այսօր «Սիվիլիթասի» բյուջեն մեկ մլն դոլար է: Եթե տասը Հանթսմաններ գտնեմ, ու կարողանամ մեկ, երկու միլիոն էլ բերեմ՝ իհարկե, կբերեմ: Նիկոլ ջան, եթե քո քվեարկության որոշումը կախված է լինելու այդ հարցերի՝ իմ պատասխանից, քո տված հարցերի մասին նստենք քո սենյակում, իմ սենյակում՝ խոսենք: Իհարկե, ես սխալներ եմ ունեցել: Մարտի 1-ի իմ ելույթը մեկ նպատակ է ունեցել՝ կանխել «Մարտի 1»-ի զոհերը: Այդ օրը երանի դուք նույնպես նման պատասխանատվություն վերցնեիք: Ոչ ոք չվերցրեց, ես եմ վերցրել: Աստված չանի, եթե նման  բան էլի լինի՝ եթե կարողանամ էս շիկացած, լարված իրավիճակը թուլացնեմ՝ նորից կանեմ՝ իմանալով, որ արժանանալու եմ քննադատության: Այս փաստերով դուք եթե ինձ եք հանձնում՝ մի օր ձեզ էլ է լինելու: Ես մի օր քունս չեմ կորցրել: Ես չեմ զգում, որ սխալ բան եմ արել: Ընդհակառակը, ես օգուտ եմ արել: Ես պատրաստ եմ՝ ինձ ձերբակալեք, գնամ, բայց ես էդ փողերի կարիքը չունեմ, չեմ արել նման բան:

Եթե ես ուզենայի «Սիվիլիթասից» փող աշխատել՝ մեծ հնարավորություններ ունեի: «Սիվիլիթասը» երկու հարկի վրա է՝ 8 ,9:  9-ի սեփականատերը ես եմ: 5-րդ տարին  է ես այդ տարածքը ձրի եմ տվել «Սիվիլիթասին»: Ինձ խնդիր չէր 7000 դոլար ամսական առնեի, 20 տոկոս էլ եկամտահարկ տայի, մնացածը գրպանս դնեի: «Սիվիլիթասի» 60 աշխատակիցների մեջ մեկը կարո՞ղ էր չէ՞ իմ տղան լիներ»:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ այդ տարածքն էլ է ի դեպ նվեր: Նաեւ հիշեցրեց. «Բարեբախտաբար, դուք մենակ չէիք, որ Մեղրին փաթաթեք ու սրան-նրան տաք: Դուք ասում եք՝ «Սիվիլաթասում» աշխատում է վաթսուն ընտանիք, ինչքա՞ն մարդ էր աշխատում «Սիլ» կոնցեռնում, երբ որ 2008 թվականին ձեր գործողությունների արդյունքում ակնհայտորեն սնանկացման նպատակ էր դրվում: Ինչ վերաբերում է իմ բարձրացված հարցերի վերաբերյալ մարտի 1-ի հետ կապված, այդ մասին մենք կխոսենք կամ դատախազությունում կամ դատարանում, որտեղ դուք մարտի 1-ի գործով կներգրավվեք որպես մեղադրյալ, և հետագայում որպես ամբաստանյալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031