Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճարտարապետ Տիգրան Բարսեղյան. Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2012 16:43

«Հայելի» ակումբում այսօր Ստեփանակերտի օդանավակայանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը եւ քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսեցին Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումից եւ դրանից բխող քաղաքական անցուդարձից:

Տիգրան Բարսեղյանը հայտնեց, որ օդանավակայանի կառուցման նախագիծը մշակվել է Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում եւ հավանության արժանացել ԼՂՀ կառավարության նիստում. «Նախագիծը ստանձնած շինարարական կազմակերպության շնորհալի երիտասարդները ժամանակին կառուցումը հասցրեցին ավարտին, եւ այժմ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել, անգամ՝ միջազգային»:

Ճարտարապետը չբացառեց օդանավակայանի շահագործման հետաձգման քաղաքական նկատառումները. «Կարծիք կա, որ Բաքուն կարող է հարվածել քաղաքացիական ինքնաթիռը: Սովորության համաձայն՝ Ադրբեջանը հոխորտում է, մենք էլ պաշտպանվում ենք: Տեսականորեն կարելի է ասել, որ կհարվածեն ինքնաթիռին, բայց չի կարելի այդպես մտածել ու նստել տանը. չթռչելու պատճառ չկա»:

Բարսեղյանի խոսքով՝ օդանավակայանի կառուցման աշխատանքներն ավարտվել էին դեռեւս նախորդ տարվա մայիսին. «Պարզվեց, որ վայրէջքի հետագծի հետ կապված ռելիեֆային աշխատանքներ են կատարվել: Ընդհանուր առմամբ՝ համալիր աշխատանքի վրա ծախսվել է 5 միլիոն դրամ: Լսել ենք, որ օդանավակայանի բացումը տեղի կունենա այս շաբաթ, բայց պաշտոնական հայտարարություն անել չեմ կարող»:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նկատեց, որ անկախ իրավիճակից՝ Հայաստանի դիմաց կանգնած է թուրքը, ով սովոր է հայ ժողովրդի արյան հաշվին հարցեր լուծել. «Տարածաշրջանային որոշ գործոններ հաշվի առնելով՝ օդանավակայանի շահագործումը հետաձգելը ճիշտ եմ համարում: Սակայն հիմա այլընտրանք չկա՝ պետք է թռչել: Ինչ վերաբերում է ինքնաթիռը հարվածելուն, հիշենք, որ Ռուսաստանը մինչ օրս չի մարսել Սովետմիության կողմից գնդակոծված կորեական ինքնաթիռի փաստը, որը միջազգային սկանդալ է»:

Շիրինյանի կարծիքով՝ հակառակորդին կարելի է կոտրել «պատերազմ՝ եզրագծի վրա» ամերիկյան ռազմավարական մոդելով. «Պատերազմի հասունացման իրավիճակը պահպանելով եւ բուն պատերազմի չհասնելով՝ հնարավոր է թուլացնել Ադրբեջանի նյարդերը, այլապես անընդհատ տուրք տալով նրան՝ արդյունքի չենք հասնի: Հաշվի առնենք, որ այս պայքարում իրավացի եւ օրինական է հայկական կողմի տեսակետը»:

Լեւոն Շիրինյանը ենթադրում է, որ Ատեփանակերտի օդանավակայանի գործարկմանը դրական գնահատական է տվել Միջազգային ավիացիոն կազմակերպությունը. «Դրա ներկայացուցիչներին պետք է առաջարկել մասնակցել թռիչքներին՝ թեկուզ տուրիստի կարգավիճակով: Հայ սպայի կացնահարման դեպքին հաջորդածը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է Արցախի պաշտպանության բանակը բերել առավելագույն մարտական պատրաստվածության եւ այլեւս չօգտագործել «խաղաղասեր» տերմինը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031