Ոստիկանության Բերդի բաժանմունքի աշխատակիցները մեկ ամիս որոնում էին Բերդ քաղաքի բնակիչ, 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանին, ով սեպտեմբերի 2-ի առավոտյան նախիրն ուղեկցել է Նավուր գյուղից վերեւ,«Դուռնալու» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել:
Նշենք, որ Ասքանազ Մելիքյանի որդին՝ 27-ամյա Վրեժ Մելիքյանը, այս տարվա հուլիսի 23-ին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տարածքում, Վարդավառի տոնակատարության ժամանակ ծագած վեճի ընթացքում դանակով 5-6 անգամ հարվածել է Այգեպար գյուղի բնակիչ, 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին, ով հետո մահացել է:
Ասքանազ Մելիքյանը Բերդի բնակիչների շրջանում հայտնի է «Ասկո» անունով, հակում ունի ոգելից խմիչքի հանդեպ: Բերդի բնակիչները կարծիք հայտնեցին, որ 71-ամյա տղամարդը կարող էր ինքնասպան լինել, քանի որ նրա որդին՝ Վրեժն արդեն 2-րդ անգամ է բանտ նստում կամ նրան սպանել են:
Բերդի ոստիկանության մեր աղբյուրները, սակայն, առավել հավանական են համարում, որ տարեց եւ անառողջ Ասքանազ Մելիքյանն անտառում բնական մահով մահացել է, նրա մարմինը բաժին է հասել վայրի գազաններին:
Կարդացեք նաև
Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն): Կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ