Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ կլինի՝ Օսկանյանը մեկ-մեկ հիշի, որ ինքը արժեքավոր նյութեր կարող է դատախազին ասել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ»

Հոկտեմբեր 01,2012 16:08

«Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, ԱԺ-ում այսօրվա քվեարկությունները բոյկոտելու ԲՀԿ խմբակցության որոշումը ճիշտ չէր: «Դատախազի միջնորդությամբ սպառիչ եզրահանգման չեմ կարող գալ… որոշակի հարցադրումներ են անհրաժեշտ հիմնավորումների իսկությունը պարզելու համար: Կարդացի, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոյկոտելու է, ինչը, կարծում եմ, ճիշտ որոշում չէ: Ավելին՝ ԲՀԿ նախագահը այսօր չի մասնակցում նիստին, սա էլ շատ տարօրինակ դրսեւորում է, որովհետեւ առաջին հերթին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամբողջ կազմով պետք է իրենք դատախազից պահանջեին որոշակի բացատրություններ: Չեմ կարող ասել, ինչու են բոյկոտել, բայց ճիշտ որոշում չէ: Ոչ միայն ԲՀԿ-ն, այլ բոլորը պետք է մասնակցեն այդ նիստին ու բացահայտեն՝ արդյոք քաղաքական պատվեր կա՞ այս միջնորդության հետեւում, թե՞ ոչ »,- անդրադառնալով այսօր ԱԺ-ում քննարկվող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին վերաբերող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությանը, Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա, պարոն Օսկանյանը շատ հարցերի է մշտապես խուսափել պատասխանել, մասնավորապես մարտի 1-ի դեպքերին առնչվող տեղեկությունների առումով. «Մարտի 1-ի դեպքերին վերաբերող բազմաթիվ հարցերի կարող էր պատասխանել, բայց ասպարեզում ի հայտ չբերեց իր իմացած փաստերը հանրությանը ներկայացնելու առումով: Լավ կլինի, որ Օսկանյանը ձեռքի հետ էլ մեկ-մեկ հիշի, որ ինքը արժեքավոր նյութեր կարող է ասել մարտի 1-ով: Շատ նորմալ է, թող բացատրություններ տա պարոն Օսկանյանը, չպետք է ամեն ինչ քաղաքականացնել: Վաղն էլ Խաչիկյանը կամ Սերոբ Տեր-Պողոսյանը կարող են ասել, թե քաղաքական հետապնդման են ենթարկվում»:

Ինչ վերաբերում է Washington Post եւ Al Jazeera լրատվամիջոցների՝ պարոն Օսկանյանի գործով անդրադարձին, որտեղ «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործը պայմանավորել էին Վ. Օսկանյանի անկախ, պոտենցիալ եւ արեւմտամետ ֆիգուր լինելով, պարոն Քոչարյանն ասաց. «Բացարձակ չեմ կիսում այդ տեսակետը, որովհետեւ արեւմտամետ գործիչ լինելու որեւէ հանգամանք չեմ տեսնում: Ընդհակառակը՝ տեսնում եմ, որ Օսկանյանի նկատմամբ կարելի էր այլ քրեական գործեր հարուցել, եթե հանրապետության դատախազությունը հետեւեր մամուլում տարիներ առաջ տպված մի հոդվածի, որը լուրջ փաստացի նյութ էր պարունակում, որը ոչ մի կերպ այդպես էլ պարոն Օսկանյանի կողմից չհերքվեց: Հոդվածը կոչվում էր «Մարտի 1-ի քոմփլեմենթար պարտակողը»: Washington Post թերթում կարելի է նաեւ համապատասխան վարձավճարով հոդվածներ գրել: Չգիտեմ՝ ով է գրել, ինչ փաստացի նյութերի հիման վրա է այդպիսի եզրահանգումների եկել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031