Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահի հանդիպումը Աժ հանձնաժողովների նախագահների հետ

Հոկտեմբեր 01,2012 15:53

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ:

Ոջունելով հյուրերին` Գագիկ Մինասյանը նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը գերմանական կողմի հետ համագործակցության երկար եւ արդյունավետ պատմություն ունի: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ դեռ նախորդ գումարման խորհրդարանում հանձնաժողովը Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) կազմակերպության հետ իրականացրել է ծրագիր, որը նպատակ ուներ օժանդակելու Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը` ծրագրային բյուջետավորման հիմնադրման առումով: Նշվեց, որ այդ ծրագրային բյուջետավորման համակարգով են ներկայացվել նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Ըստ Գագիկ Մինասյանի` մինչեւ տարվա վերջ նախատեսվում է ընդունել օրենք` ըստ որի բոլոր պետական բյուջեները կներկայացվեն այդ համակարգով: Տեղեկացվեց, որ GIZ-ի հետ նախաձեռնվել է մի նոր ծրագիր, որն արդեն դրական եզրակացություն է ստացել գերմանական BMZ կառույցի կողմից: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ հոկտեմբերին հանձնաժողովը եւ GIZ-ի երեւանյան գրասենյակը համատեղ կստորագրեն հուշագիր, որի նպատակն է Ազգային ժողովում ստեղծել բյուջետային գրասենյակ եւ վերահսկողություն իրականացնել պետական բյուջեի կատարողականի եւ ներգրավված վարկային միջոցների նկատմամբ: Գագիկ Միանսյանը հույս հայտնեց, որ ծրագիրը հաջողությամբ կիրականացվի եւ դա եւս մի քար կլինի այն կառույցի պատին, որը կոչվում է հայ-գերմանական բարեկամություն:

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորեց GIZ-ի եւ հայկական կողմի միջեւ համատեղ ծրագրերի արդյունավետ  իրականացումը:

Հյուրի խնդրանքով Արտակ Զաքարյանը անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային խնդիրներին: Նա նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը գրեթե անփոփոխ է: «Եւ Արեւելյան գործընկերության եւ Նոր հարեւանության ծրագրի շրջանակներում մենք շահագրգիռ ենք եվրաինտեգրմանը` մասնավորապես Ասոցիացման համաձայնագրի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, ռեադմիսիայի եւ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերում»,-ասաց Արտակ Զաքարյանը: Նշվեց, որ ՀՀ նախագահի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը մեր միջազգային գործընկերները միշտ էլ բարձր են գնահատում: Այն ուղղված է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղության ամրապնդմանը: «Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանն է մեր բազմաթիվ հիմնախնդիրներով հագեցած տարածաշրջանի խաղաղության պահպանման հիմնական երաշխիքը` իր հավասարակշռված եւ նուրբ բազմավեկտոր քաղաքականությամբ»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ այս երկրի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված փաստին` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են ինչպես միջազգային բոլոր հայտնի նորմերին եւ սկզբունքներին, այնպես էլ բարոյական չափանիշներին, եւ զգալի հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության,  փոխվստահության հաստատմանն ուղղված ջանքերին: Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բաց նամակով դիմել է այլ խորհրդարանների նախագահներին` ներկայացնելով հարցի վերաբերյալ մեր խորհրդարանի մոտեցումը: Արտակ Զաքարյանի կարծիքով` կարեւոր է, որ Գերմանիայի խորհրդարանը նույնպես անդրադառնա այս հարցին:

Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031