Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտեմ Հարությունյան. օլիգարխները խանութների վրա գրում են «Մաջոլի բաջուլլո չուչուչուլլո», որն իրականում հայհոյանք է (Տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2012 15:45

 Այսօր «Հայելի» ակումբում ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության (ԵՊՏ) պետ Սերգո Երիցյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը խոսեցին լեզվական խնդիրներից ու օրենքի բացակայությունից:

«Հայոց լեզուն այնքան խղճուկ վիճակում է, որ օլիգարխների դրածոները խանութ են բացում, վրան էլ գրում՝  «Մադոննա բոճոլլա ճոճուճոլլա» կամ «Մաջոլի բաջուլլո չուչուչուլլո»,  որն իրականում հայհոյանք է: Այսպիսի մարդկանց համար վիթխարի տուգանք պետք է սահմանել՝ 15.000 դոլարի չափով, որ ստիպված ծախեն իրենց տրիկոտաժեղենը եւ կանացի ներքնազգեստը, մի կերպ գլուխներն ազատեն եւ վերադառնան իրենց գյուղ՝ սխտոր ու բողկ աճեցնելու»,-ասաց Արտեմ Հարությունյանը: Դրական գնահատական տալով «Տեսանկյուն» հաղորդաշարի մեկնաբան Գեւորգ Ալթունյանին, Հարությունյանն ասաց. «Ալթունյանը լավ գրիչ ունի, մանրիկ ադիբուդիներ է ցանում եւ փորձում լուծել կարեւոր հարցեր, բայց տուգանքների վերաբերյալ ասաց, թե այդ ուր ենք հասել, որ լեզվի համար տուգանում են: Իրականում պետք է տուգանել  քառադոդոշագլուխ խանութպաններին, որովհետեւ քաղաքը եւ հայոց լեզուն վերածում են մոլախոտի»:

Բանաստեղծի կարծիքով՝ խնդրի լուծման համար այլեւս Մոսկվային դիմելու հնարավորություն չկա. գուցե պետք է դիմել նախագահին. «Երբ Սերժ Սարգսյանին դասավանդում էի ԵՊՀ-ում, դասախոսության ժամանակ նկատեցի, որ շատ «ուշադիր» լսում է: Հարցրեցի, թե ինչու է  այդքան հոգնած, ասաց, որ  աշխատանքից է գալիս՝ տպարանից: Ինձ դուր եկավ նրա պատասխանը»: Հարությունյանը հավելեց, որ օրերս «Արմնյուզի» եթերում մասնակցել է բրիֆինգի եւ իրեն ուղղել են տարբեր հարցեր՝ սկսած կուսաթաղանթից. «Հաղորդավարները սարսափելի հայերենով էին խոսում.  մի սափրագլուխ տղա, որ իրեն ներկայացնում էր որպես կուսակրոն նժդեհական, խայտառակ հայերեն էր օգտագործում»:

Սերգո Երիցյանը հայտնեց, որ տարեսկզբից օրինախախտ տնտեսվարող սուբյեկտների հանդեպ հարուցվել է 75 վարույթ, սակայն գովազդային վահանակների առումով առկա են փոփոխություններ՝ հատկապես քաղաքի կենտրոնում. «75-ը կաթիլ է օվկիանոսում: Խախտումն արձանագրելը, քողարկված սեփականատիրոջը գտնելը դժվար գործընթաց է: Արձանագրված գործերից 80 տոկոսի դեպքում կիրառվել է տուգանք՝ մինչեւ 250.000 դրամ: Լեզվի մասով անկատար օրենսդրական դաշտը շտկելու նպատակով  կազմել ենք առաջարկությունների փաթեթ եւ ուղարկել կառավարություն: Փոփոխությունները ենթադրում են գովազդ, գովազդային վահանակ եւ այլ հասկացությունների սահմանումը»: Երիցյանը հավելեց, որ ԼՊՏ-ը մինչ օրս չունի լեզվաշինության մասին օրենք. «Նորին մեծություն լեզուն համապատասխան վերաբերմունքի չի արժանանում: Փոփոխությունների փաթեթը մերժել է մի քանի նախարարություն:  Կարծիք կա, որ փոփոխությունները կազդեն տնտեսության մի շարք ուղղությունների զարգացման վրա, բայց նման բան ամենեւին չեմ տեսնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031