Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միայն նպաստով ծնելիություն չի խթանվում»

Հոկտեմբեր 01,2012 15:31

Հայաստանի բնակչության 30.2 %-ը 2050 թվականին կլինի 60 տարեկանն անց, իսկ 6.6 %-ը` 80 տարեկանի շեմը հատած. Այսօր 60 տարեկանն անց հայերը ՀՀ բնակչության 15.1 %-են կազմում, իսկ 80-ն անց` 2.9%-ը: Սա նշանակում է Հայաստանը ծերացող երկիր է: ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամի» եւ «Հելփեյջ Ինթերնեյշընըլ»-ի կատարած հետազոտության տվյալներն այսօր` տարեցների միջազգային օրվա առիթով, «Հենարան» ակումբում ներկայացվեցին:

ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հարությունյանի խոսքերով` «Զեկույցում մեր երկրին վերաբերող տվյալները մտահոգիչ են, 2050 թվականին Հայաստանում բնակվող 60-ն անց բնակչության թիվը գրեթե կրկնապատկվելու է` 469 հազարից հասնելով 885 հազարի, իսկ մեդիան տարիքը` 49,4, այսօրվա 32.6-ի փոխարեն: Սա հսկայական բեռ է լինելու պետության համար` թոշակառուներին ապահովելու համար»:

Aravot.am-ի հետ զրույցում Գարիկ Հարությունյանն ասաց, որ երկրի ծերացմանը նպաստում են 3 գործոններ` ծնելիության անկումը, միգրացիան, երբ բնակչության երիտասարդ եւ աշխատունակ տարիքի անձինք են լքում երկիրը, եւ բնակչության երկարակեցությունը:

Մեր այն հարցին, թե առաջնահերթ ի՞նչ է անհրաժեշտ ծերացումից դեպի երիտասարդացում անցնելու համար եւ պետության մեծ թվով թոշակառուներին պահելու բեռը թեթեւացնելու համար, պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Ծնելիությունն է պետք խթանել, դա ընդամենը 2 երկրի է հաջողվել` Ֆրանսիա եւ Շվեդիա, որոնք իրենց ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսն են ծախսում, սա հսկայական թիվ է: Բայց դա միայն ֆինանսական աջակցության հաշվին չէ, սպեկտորը լայն է: Ժողովրդագիրները վաղուց ապացուցել են, որ միայն նպաստներով ծնլիությունը չի բարձրանում: Եթե կինը որոշել է 2 երեխա ունենալ, նա այդ 2-ն էլի կունենա, պարզապես եթե 5 տարվա ինտերվալով էր ունենալու, ապա նպաստի հաշվին 2 տարուց է ունենում: Հայաստանում պետք է սկսել 2-րդ երեխայից, ոչ թե 3-րդից, որի դեպքում նպաստն ավելի բարձր է: Այսօր մեզ մոտ 2-րդներ չեն ծնվում: Ծնելիության խթանումը պետք է ստրուկտուրազացնել, ոչ թե գումարն առձեռն տալ, որ ընտանիքը երեխա ունենալուց վերցնի ու գնա պարտքերը փակի, այլ ասենք` ներդրվի երեխայի կյանքի բարեկեցությանը, կրթության համար եւ այլն: Չեմ կարծում, թե եկող տարվանից կիրառվող 5-րդ երեխայի համար նախատեսված 1 եւ 1.5 միլիոն դրամը բավարար գումար է ծնելիության խթանմանը, բայց դա եւս լուրջ քայլ է»:

Ինչ վերաբերում է պետության` կենսաթոշակառուների հոգսին, ապա ըստ Գարիկ Հարությունյանի, այսօր արդեն քայլեր արվում են` դրանք կենսաթոշակային բարեփոխումներն են:

Ասուլիսին ներկա աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ 2014 թվականից անցում ենք կատարելու կենսաթոշակի պարտադիր կուտակային համակարգին, որը որոշ առումով կթեթեւացնի պետության բեռը, ներդրվելու է սոցիալական ինտեգրման ծրագրերի համակարգը, որն ուղղված է տարեցներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ երեխաներին հատուկ այլընտրանքային ծառայություններ մատուցել. «Այսինքն` ստեղծել հասարակություն բոլոր տարիքի մարդկանց համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031