Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ նիստում

Հոկտեմբեր 01,2012 15:22

Հարգելի գործընկերներ,

Նախորդ քառօրյաի վերջին նիստի ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք “ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին” արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ: Ես կցանկանայի վերստին շեշտել, որ մեր խմբակցությունը որեւէ խնդիր չունի Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հետ, ավելին՝ մենք գտնում ենք, որ դա օրվա թելադրանք է: Մեր առարկությունները վերաբերում էին խնդրո առարկա արձանագրության տեքստին, որով, ըստ մեզ, սահմանափակվում է ՀՀ ինքնիշխանությունը: Ըստ արձանագրության՝ Հայաստանը իրավունք չի ունենա իր իսկ տարածքում տեղակայել ոչ ՀԱՊԿ անդամ որեւէ պետության ռազմական ենթակառուցվածքի որեւէ օբյեկտ, առանց Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի,  եւ Ուզբեկստանի իշխանությունների գրավոր համաձայնության: Ընդսմին, միանգամայն անորոշ է մնում, թե ի՞նչ ասել է “ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ” հասկացությունը:

Ես  այժմ չեմ կրկնի մեր կողմից բերվող բոլոր փաստարկները, դրանք աշկարա են: Մենք վերահաստատում ենք, որ դեմ ենք քվեարկելու սույն արձանագրության վավերացմանը:

Մտահոգիչն այն էր, որ շատ կոնկրետ մի արձանագրության տեքստի շահագրգիռ, փաստարկված  քննարկման փոխարեն, ձեւախեղվեց հարցի էությունը եւ այս ամբիոնից ելույթներ հնչեցին առ այն, որ  ճակատագրական հարց ենք քննարկում և պետք է գիտակցենք Հայաստանի՝ ՀԱՊԿ մաս կազմելու անհրաժեշտությունը եւ որեւէ այլ ռազմական դաշինքի մեջ մտնելու անթույլատրելիությունը: Ստիպված եմ կրկին փաստել, որ ռազմաքաղաքական դաշինք ընտրելու հարց այսօրվա հայաստանյան քաղաքական դիսկուրսում գոյություն չունի, մենք ընդամենը քննարկում ենք ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված գեթ մեկ արձանագրության՝ այս պահին վավերացնելու նպատակահարմարությունը: Վերջակետ, այլ հարց մենք չենք քննարկում:

Ելույթներից մի քանիսում ասվեց ամեն ինչ, բացի խնդրո առարկա արձանագրությունից…

Ասվեց, որ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է պատերազմի, որ Թուրքիան իրականացնում է իսլամականության իր քաղաքականությունը, եւ վերականգնում  իր ամբիցիաները ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում, որ Թուրքիան հանդիսանում է ԼՂՀ կոնֆլիկտի չորրորդ կողմը, և մեզ թշնամի մասնակիցը, որ Թուրքիան բռնազավթել է Կիպրոսի կեսը, ունի լարված հարաբերություններ Հունաստանի հետ` սահմանային կղզիների հետ կապված, որ Թուրքիան  հրահրել է քաղաքացիական պատերազմներ Լիբիայում և Եգիպտոսում, իսկ այսօր ներգրավված է սիրիական կոնֆլիկտում, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ են հարձակվել Հայաստանի վրա: Այդ երկրների մենթալիտետը ցեղասպանաստեղծ է, այսինքն նրանք խնդիր ունեն ոչնչացնելու հայ էթնոսը եւ, որ այս պարագայում մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի մեջ:

Խոսվեց նաեւ 1992թ. Ադրբեջանի վարչապետ Հասանովի՝ Թուրքիայի պրեզիդենտ Տուրգուտ Օզալին և վարչապետ Սուլեյման Դեմիրելին ուղղված նամակի մասին, 1992թ. Թուրքիայի դաշտային երրորդ բանակի Իգդիր-Ղարս-Սարիղամիշ տարածքում խոշոր զորավարժություններ անցկացնելու մասին, 1992թ. մարտի 20-ին Ռուսաստանի պետական դումայում հատուկ լսումների մասին, ոմն Մուխայեդդին Ֆիսուր-Օղլու հայտարարարության մասին, ավիացիայի մարշալ Շապոշնիկովի հատուկ ասուլիսի մասին եւ այլն:

Եւ էլի մի շարք զուլում բաների մասին իմացանք, բայց այդպես էլ չասվեց, թե ինչն է մեզ ստիպում ճորտի նվիրվածությամբ պաշտպանել մեր ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած առաջարկ:

Միակ փաստարկը, թերեւս, այն էր, որ վավերացնելով այս արձանագրությունը մենք հավաստում ենք մեր   հավատարմությունն ու նվիրվածությունը ՀԱՊԿ-ի հիմնական դրույթներին, վստահություն ենք ձեռք բերում մեր գործընկերների աչքերում: Միակ բանը, որ կարելի է ասել ի պատասխան այս փաստարկի այն է, որ ցանկացած գործընկերության կայացման համար անհրժեշտ է, որ վստահությունը, հավատարմությունը եւ նվիրվածությունը լինեն փոխադարձ, հակառակ դեպքում մենք գործ ունենք ստրկամտության անթաքույց դրսեւորումների հետ, որոնք ի վերջո հանգեցնում են պետությունների միջեւ վասսալային հարաբերությունների ձեւավորմանը:

Վերջում բերեմ մի շատ խոսուն վիճակագրություն.

Այսօրվա դրությամբ ՀԱՊԿ ձեւաչափով ստորագրվել է 39 միջազգային պայմանագիր, այդ թվում՝ 21 համաձայնագիր եւ 16 արձանագրություն: Ընդհանուր թվից 36 փաստաթուղթ արդեն ուժի մեջ է մտել, ընդ որում Հայաստանը եւ Բելառուսը վավերացրել են 38 պայմանագիր, Ղազախստանն ու Տաջիկիստանը՝ 37, Ղրղզստանը՝ 35, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ ընդամենը 32:

 

Այսինքն, 39 բազմակողմ պայմանագրերից ինքը Ռուսաստանը վավերացրել է 32-ը, իսկ Հայաստանն այս պահի դրությամբ ունի 100 տոկոսանոց ցուցանիշ, վավերացնելով 38 պայմանագիր:

Այստեղ են ասում, պարոնա՛յք, չի կարելի փորձել Հռոմի պապից ավելի կաթոլիկ ներկայանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031